Փետրվարի 17-ին Հայաստանի մի քանի մարզերի 24 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Հասարակության ուշադրությունը սևեռված էր մի քանի համայնքների վրա, որտեղ Թավշյա հեղափոխությունից հետո տեղի էին ունեցել բնակիչների կողմից կազմակերպված բողոքի ցույցեր՝ համայնքապետերի հրաժարականի պահանջով։ Ամենասկանդալային իրադարձությունների կիզակետում էր հայտնվել նաև Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքը, որտեղ 2018 թ․-ի սեպտեմբերի վերջից տեղի ունեցող ցույցերը և ճանապարհների փակումը, ինչպես նաև Արարատի մարզպետի միջամտությունը՝ գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանին հրաժարականի կոչով դիմելը տվեցին իրենց արդյունքները։ Չդիմանալով բազմաբովանդակ ճնշումներին՝ Ուրցաձորի գյուղապետ Անդրեասյանը հրաժարական տվեց։

Փետրվարի 17-ին Ուրցաձորում ևս տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, և ի զարմանս իշխանությունների՝ հաղթանակ տարավ հենց այն անձը, ում հրաժարականը 5 ամիս առաջ պահանջում էին գյուղացիները։ Ռաֆիկ Անդրեասյանը հավաքել է 917 ձայն՝ 216 ձայնով առաջ անցնելով համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար և Արարատի մարզպետի հովանավորյալ Գևորգ Ավետիսյանից։

Ուրցաձորում գրանցված արդյունքները պետք է մտահոգեն իշխանություններին։ Այստեղ քաղաքականություն պետք չէ փնտրել։ Գյուղացու համար կարևորը գյուղապետի աշխատանքի դրական արդյունքների արձանագրումն է, որոնք, ըստ գյուղապետի ընտրությունների արդյունքների, չեն բավարարել խոշորացված Ուրցաձոր համայնքի բնակիչներին։ Արդյունքում իշխանությունները պարտվեցին։

Ուրցաձորի ընտրությունների ֆենոմենը եզակի չի լինելու, եթե իշխանությունները շարունակեն իրենց գործունեության մեջ առաջնորդվել՝ մատնանշելով նախորդների սխալները և կեղծ օրակարգեր ստեղծել՝ քիչ ուշադրություն դարձնելով հասարակության իրական պահանջների վրա։ Թավշյա հեղափոխությունից անցել է 9 ամիս, սակայն սոցիալ-տնտեսական առումով հասարակությունը դրական արդյունքները դեռ չի զգացել իր վրա, ինչը մարդկանց մի զգալի մասի մոտ խորը հիասթափություն է առաջացրել։

ՀԳ. Ինչպես ասում են․ «Շատ մի սիրիր, ատել կա, շատ մի ատիր, սիրել կա»։ Իշխանությունները մտածելու շատ բան ունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել