Artsakhpress.am-ը գրում է.

ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան:

Պետական ու քաղաքական գործչի անցած ուղու մասին «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է Ա. Մկրտչյանի գործընկերների հետ:

«Արցախի հերոս» Արթուր Աղաբեկյանն Արթուր Մկրտչյանի հետ ծանոթացել է 1988 թվականին: Ասում է՝ նրա հաջողությունների գրավականն անկեղծությունն էր ու շատ կոնկրետ լինելը:

«Իր ողջ էությամբ Արթուրը շատ բարի էր, ինչը դիմացինին հարաբերվելու այլ հնարավորություն չէր տալիս: Համբերատար լսելու մեծ կամք ուներ, դիմացինին իր համաձայնությունը տալիս էր խորհրդավոր ժպիտով: Հիշում եմ՝ երբ Ստեփանակերտ էր այցելել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Անդրեյ Կոզրևը, Արթուրը մի հարց էր տվել Իրանի Իսլամական Հանրապետության սահմանին դեռ ծառայությունն իրականացնող սահանապահ զորքերի հետագա առաքելության մասին: Կոզրևը ժպտաց ու ասաց. «Կպատասխանեմ Ձեր հնչեցրած միամիտ հարցին միամիտ հարցով»:

Ու ժպտալով հարցրեց. «Նպատակներ ունե՞ք այս ուղղությամբ»: Եթե ժողովրդական խոսքով ասեմ, Արթուրի ասած այոն այո էր, իսկ ոչը՝ ոչ»,- վերհիշել է Ա. Աղաբեկյանը:

ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանն էլ Ա. Մկրտչյանին համարել է այն քաղաքական գործիչներից, ում ինչ-որ տեղ, նաև ճակատագրի բերումով, հաջողվել է մի շարք համախոհների հետ միասին գլխավորել թե՛ արցախահայ ազգային-ազատագրական պայքարը և թե՛ վերականգնել արցախահայ պետականությունը:

«Եթե ընդհանուր չափանիշներով գնահատենք, ազգի համար ամենամեծ արժեքը պետականությունն է, և, ըստ էության, նա կանգնած էր նոր ժամանակաշրջանի մեր պետականության վերականգնման հիմքերում: Այս տեսանկյունից Արթուրը մեր բազմադարյա պատմության մեջ հավերժորեն կմնա, քանի որ իր կատարածը, իսկապես, մեծագործություն էր, հայանպաստ ու ազգանպաստ գործ: Մասնագիտության բերումով առիթ եմ ունեցել շատ շփվելու և պետք է ասեմ, որ հազվագյուտ ազնիվ, բարեկիրթ ու անչափ գրագետ անձնավորություն էր նա: Մարդ, որը տեղյակ էր հասարակական զարգացման բոլոր գործընթացներից, ուներ սկզբունքայնություն, տեսլական, թե ինչ ճանապարհով պետք է գնալ, որպեսզի հասնել հաջողության: Նա կարողացավ կողմնորոշվել և ճիշտ ճանապարհով տանել այն նավը, որը ղեկավարում էր»,- ընդգծել է Վ. Բալայանը:

Անդրադառնալով այն հարցին, թե հաճախ է քննարկվում Ա. Մկրտչյանի կուսակցական լինել կամ չլինելու հանգամանքը, ԱԺ փոխնախագահն ասել է, որ «Դաշնակցության» անցած ողջ ճանապարհին բավականին հաճախակի փորձ է արվում հավատաքննության ենթարկելու կուսակցության գործունեությունը, և ինչ-որ տեղ ստվերել այն:

«Ներկայացվածը նման փորձերից մեկն է՝ հանրությանը ցույց տալու, որ «Դաշնակցությունը», ընդհանուր առմամբ, մեր հանրային կյանքում ոչ մի արժեք չի ունեցել և չի էլ կարող ունենալ: Իհարկե, չեմ կարծում, որ այս ամենը նպաստում է մեր ազգային շահերին, քանի որ, վերջիվերջո, «Դաշնակցությունը» գաղափարախոսություն է և շարժում: Եվ Արթուր Մկրտչյանը եղել է այդ ամենի կրողներից մեկը»,- նշել է Վ. Բալայանը:

Իսկ ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր Վալերի Բալայանն ասել է, որ Արթուր Մկրտչյանը եղել է էպոխա, որն Արցախում էր ամենադժվար պահերին:

«Նա մարդ էր, որին վստահել են Գերագույն խորհրդի մեր բոլոր պատգամավորները, որպեսզի այդ ժամանակաշրջանում ներկայացներ Արցախի շահերը: Նա այն անհատականությունն էր, որն այդ ժամանակաշրջանում կարողացել է Արցախը ներկայացնել միջազգային ատյաններում և մեր հասարակության մեջ: Օրինակ, երբ Արցախ էին ժամանել պատվիրակություններ ԱՄՆ-ից ու Իրանի Իսլամական Հանրապետությունից և այդ մարդկանց պետք էր ընդունել, մենք չգիտեինք միջազգայնորեն ընդունված կարգը, ամեն ինչ կազմակերպվեց Արթուրի պատկերացումներով: Արթուրը վստահություն էր ներշնչում: Առաջին հերթին նրան կարելի է նկարագրել որպես բաց անձնավորություն, պատրաստ լսելու բոլորին, և շատ հետաքրքիր ձևով վերջնական որոշումներ ընդունելիս հաճախ այդ ամենն անում էր այլ կերպ, քան պատկերացնում էինք մենք: Իսկ դրանք ստացվում էին ամենաճիշտ որոշումները»,- ավելացրել է Վ. Բալայանը:

Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959 թվականին, Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում։ 32 տարեկան էր, երբ ընտրվեց ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ և երկրորդ հայկական պետությունը ղեկավարեց ընդամենը 97 օր, սակայն նրա անձը, կյանքի ուղին և ճակատագիրն անջնջելի հետք են թողել հայոց նորագույն պատմության մեջ։ 1992 թվականի ապրիլի 14-ին 33 տարեկանում մահացել է իր դեմ արձակված կրակոցից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել