Երեք օրից լրանում է Ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյակը, և պատշաճ եմ համարում այդ առթիվ մի խոստովանություն անել։

Ես երկար տարիներ չեմ զգացել որևէ հարազատություն Թումանյանի կերպարից։ Դպրոցական ստանդարտն ու լայն հանրային գիտակցությունը պատկերում են հեռու-հեռու մի պապիկի, որն օլիմպիական հանդարտությամբ աջ ու ձախ խրատներ է բաշխում, որն անթերի է և միշտ ճիշտ։ Խիստ հատկանշական է Թումանյանի արձանը մայրաքաղաքի հենց սրտում՝ աջ ուսից անբնական սահած վերարկու և հեռուներին ուղղված պաղ հայացք։

Մի՞թե Թումանյանը ջահելություն չի ունեցել, մի՞թե հույզեր չի ունեցել, մի՞թե ներքին հակասություններ, պայքարներ ու հաղթահարումներ չի ունեցել։ Իհարկե ունեցել է, այն էլ՝ ինչպիսի։

Կարծում եմ՝ ժամանակն է «պատվանդանային» Թումանյանին մի քիչ «կենդանացնելու»։ «Լաքապատ» Թումանյանը, կարծում եմ, ավելի քիչ բան ունի մեզ ասելու, քան այն իրական, ջերմ, լայնահուն անհատականությունը, որն իրավամբ արժանացել է Ամենայն հայոցի բարձրագույն տիտղոսին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել