Արդեն մի քանի օր է՝ ռուսական առաջատար հեռուստաընկերությունները բարձր ռեյթինգ ունեցող հաղորդումների միջոցով ու հեղինակավոր հեռուստամեկնաբանների ու վերլուծաբանների շուրթերով «ահազանգում են» Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հնարավոր վտանգների վերաբերյալ՝ հիմնական շեշտադրումը կատարելով հեղափոխության նախապատրաստական փուլի և դրա իրականացման ֆինանսավորման կոնկրետ աղբյուրների ու միջոցների վրա։ 

Բացարձակ վստահությամբ քաղաքական մեկնաբանները պնդում են, որ մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները մանրակրկիտ կերպով սեմինարների ու հատուկ դասընթացների միջոցով նախապատրաստվել են մասնավորապես ԱՄՆ-ի կողմից՝ մատնացույց անելով նաև այդ ամենի համար ծախսված ահռելի գումարների ծագումնաբանությունը և սլաքներն ուղղելով հայտնի ֆինանսական հիմնադրամներից եկող գրանտների ուղղությամբ։ 

Այս ամենն ի մի բերելով՝ վերջիններս իրենց լուրջ մտահոգություններն են հայտնում «հայկական գունավոր հեղափոխության» շղթայական ռեակցիայի վտանգավոր էֆեկտի վերաբերյալ՝ այն իսկական պատուհաս համարելով հետխորհրդային, մասնավորապես՝ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների համար։

Վերոնշյալ քննարկումների խորքային ու ենթատեքստային վերլուծությունից հետո ակնհայտ են դառնում մի քանի՝ արտաքին ու ներքին քաղաքական, անվտանգային և տնտեսական հարթություններում անհանգստացնող բացթողումներ ու սպառնալիքներ։

Ներքին քաղաքական առումով, փաստորեն, Հայաստանը ենթարկվել է արտաքին մանիպուլյատիվ հենքով հստակ քաղաքական շանտաժի՝ երկրի ներքաղաքական օրակարգը պայմանավորելով ակնհայտ գրանտածին դրսևորումներով։

Անվտանգային տեսանկյունից, փաստացի, Հայաստանին թելադրվում է անվտանգային քաղաքականության վերանայում և վերաիմաստավորում՝ հաշվի առնելով, բնականաբար, շահառու կողմի քաղաքական, տնտեսական և ռազմական հետաքրքրություններն ու նկրտումներն այս տարածաշրջանում։

Տնտեսական տեսանկյունից Հայաստանին կարող է սպառնալ տնտեսական «մեկուսացում» կամ «անվստահություն» գոնե առնվազն ՀԱՊԿ անդամ գործընկեր պետությունների և, որ շատ կարևոր է, բարեկամական Իրանի կողմից։

Պատահական ու անտեղի չեն, իհարկե, Ռուսաստանի մտահոգություններն առ այն, որ Արևմուտքի, ԱՄՆ-ի արձանագրած հաջողությունները Հայաստանում կարող են լուրջ նախադրյալ հանդիսանալ «հայկական գունավոր հեղափոխությունն» իր հսկողության տակ գտնվող այլ գործընկեր պետություններ արտահանելու առումով, ինչը, վստահաբար, կխաթարի Ռուսաստանի դիրքերն ու հեղինակությունը տարածաշրջանում։

Դաշնակից երկրից արդեն հստակ ստացվող ազդակները լուրջ վերլուծության կարիք ունեն, և կարծում եմ՝ հայաստանյան խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերը պետք է համապատասխան տեսակետներ հնչեցնեն հարցի վերաբերյալ՝ հարցի էությունը նախ և առաջ դիտարկելով բացառապես ազգային ու պետական շահի, ինչու չէ, նաև դաշնակից, գործընկեր և բարեկամական պետությունների հետ հարաբերություններում ավելորդ լարվածությունն ու ծանրաբեռնվածությունը բացառելու տեսանկյունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել