BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր |
Ի՞նչ ազդեցություն կունենան Իրանում հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունները՝ աշխարհաքաղաքական զարգացումների վրա ընդհանրապես, տարածաշրջանայինի՝ մասնավորապես և մեր երկրի՝ հատկապես:
Իսլամական հեղափոխությունից հետո (1979թ.) Իրանն ընտրում է իր յոթերորդ նախագահին: Առաջին նախագահ Աբոլհասան Բանիսադրը ընտրվելուց մեկուկես տարի անց պաշտոնանկ արվեց՝ «Իսլամական հոգևորականության դեմ ուղղված գործունեության համար» ձևակերպումով: Երկրորդ նախագահ, «Իրանական կուլտուրական հեղափոխության» առաջնորդ, Մոհամեդ Ալի Ռաջային պակաս հաջողակ դուրս եկավ, և մեկ ամիս էլ չպաշտոնավարած՝ սպանվեց: Նախագահի պարտականությունները 8 տարի իրականացրեց ներկայիս հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին Իրանի չորրորդ նախագահն էր (1989-1997թթ.), բայց մեզ համար առաջինը, ում հետ հարաբերություններ ենք ունեցել, քանի որ մինչ այդ ՀՀ-ն անկախ պետություն չէր: Թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հարցերում Իրանի ամենապրագմատիկ պետական գործիչներից մեկի՝ Ռաֆսանջանիի պաշտոնավարման տարիներին Իրանը գնաց զգալի լիբերալիզացիայի՝ ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ սոցիալական ոլորտում: Իսկ 5-րդ նախագահ Մոհամմադ Խաթամին (1997-2005թթ.) ընտրվելուն պես հայտարարեց, որ կյանքի է կոչելու Արևմտյան երկրների մշակույթների հանդեպ տանելի հարաբերությունների քաղաքական կուրսը և ավելի սերտ կապեր հաստատելու ցանկությունը:
Թեպետ, որքան էլ նախագահներն աշխարհաքաղաքական ու ներպետական հարցերում տարբեր պատկերացումներ ունենան, նրանց լիազորությունները երկրի կառավարման համակարգում առավելագույնս երկրի գործադիր տնօրենի է նման, քանի որ բարձրագույն ղեկավարը հոգևոր առաջնորդն է: Այդ իսկ պատճառով Ռաֆսանջանիի ու Խաթամիի մոտեցումները հոգևոր ղեկավարոթյան համար վտանգավոր թվացին, ու գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադն իր քաղաքական առաջնահերթությունը դարձրեց խաթարված հոգևոր արժեքների վերականգնումը: Դժվար չէ հասկանալ, որ կրոնական արժեքներով առաջնորդվելն ընդամենը կառավարման գործիք է, քանի որ թե՛ Ռաֆսանջանին, թե՛ Խաթամին հոգևոր կրթություն են ստացել, իսկ այս աշխարհիկ մարդու կողմից հոգևոր դրոշն առնել ու կատաղի պայքար մղել՝ հավատը սասանողների դեմ, մի տեսակ ծիծաղելի է: Հիմա նոր ընտրություններից առաջ արդեն հասկանալի է, թե հոգևոր իշխանությունները նախագահի ինչպիսի մոդել են ցանկանում տեսնել, երբ առաջադրված 686 թեկնածուներից գրանցեցին ընդամենը 8-ին, ու նրանց մեջ չկա ո՛չ հաղթելու ունակ ընդդիմադիր լիդեր, ո՛չ նախկին նախագահ Ռաֆսանջանին, ում գրանցումը մերժվեց, ո՛չ էլ գործող նախագահ Ահմադինեջադի համար ամենացանկալի թեկնածու: Ի դեպ, Ահմադինեջադի հարցում, բարձրագույն ղեկավարությունը ասես կրակն է ընկել հոգևոր արժեքներ չկրող, բայց կրոնական ֆանատիզմով առաջնորդվող այս արկածախնդիր գործչի ձեռքը, ուստի ամեն ինչ արվեց, որպեսզի նոր ընտրվելիք նախագահն ամբողջությամբ վերահսկելի լինի:
Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ը հույսը չի կտրել, որ նախագահական ընտրությունների արդյունքում կարող է Իրանում այնպիսի ընդվզում առաջանալ, որը կհանգեցնի իշխանափոխության, իհարկե հարմար պահին դրսից միջամտությամբ: Ու նման մի պահ առաջացավ նախագահական վերջին ընտրությունների ժամանակ (2009-ին), սակայն Ահմադինեջադն, այնուամենայնիվ, վերընտրվեց: Եվ հաշվի առնելով նախկին դասերը՝ այս անգամ ի սկզբանե չգրանցեցին որևէ անկախ գործչի, որն ընդունակ կլիներ իշխանափոխություն անել: Մինչդեռ, Արևմուտքին այնքան էր հավանական թվում ներքին ընդվզման արդյունքում իշխանափոխության տարբերակը, որ երբ ԱՄՆ-ի վերջին նախագահական ընտրություններում հանրապետական Միթ Ռոմնին իր արտաքին քաղաքական առաջնահերթությունը համարում էր Իրանի նկատմամբ պատերազմի սկսումը ու այդ ուղղությամբ խիստ քննադատության էր ենթարկում գործող վարչակազմի երկչոտ քաղաքականությունը, հասարակությունն իրանական վտանգն այդքան սուր չընկալեց, որպեսզի նախապատվությունը տար Ռոմնիին: Իսրայելը նույնպես խիստ դժգոհ էր Բարաք Օբամայից՝ Իրանի հարցում, բայց բավական էր վարչապետ Նեթանյահուին Օբաման հուսադրող խոստումներ տար, որ վերընտրվելուց հետո կանի ամեն ինչ, որպեսզի կանխի Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը, դա բավարար համարվեց, որպեսզի Իսրայելն աջակցեր Օբամային նախագահական ընտրություններում: Մինչդեռ հրեա ընտրողներն ԱՄՆ-ում 2 տոկոս են կազմում, և միայն նրանց աջակցությունը շոշափելի ազդեցություն չէր ունենա Օբամայի վերընտրության հարցում: Ուստի, անցյալ տարի հոկտեմբերի 31-ին Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարեց, որ Իրանը միջուկային ռումբ ստեղծելու իր ծրագիրը 8-9 ամսով սառեցրել է: Այսինքն՝ առնվազն մինչև Իրանում այս տարի անցկացվելիք նախագահական ընտրությունները: Հետևաբար, Ահմադինեջադը մինչև իր պաշտոնավարման ավարտը իր միջուկային ծրագրերով վտանգ չի կարող ներկայացնել ԱՄՆ-ի ու Իսրայելի համար: ԱՄՆ նախագահական ընտրություներից մեկ շաբաթ առաջ արված այս հայտարարությունը կայծակնային արագությամբ տարածվեց ողջ երկրով մեկ, ու չասենք, որ դա էր պատճառը, որ Օբաման հաղթեց, բայց չենք կարող չնշել, որ դա վճռորոշ դերակատարություն ունեցավ: Պատահական չէ, որ Օբաման ըստ արժանվույն գնահատեց «հրեական» այդ տրյուկը և Նեթանյահուի հետ այս տարվա մարտին կայացած հանդիպումից հետո հրապարակավ հայտարարեց, որ իրենք համաձայն են այն բանում, որ ատոմային Իրանը կարող է սպառնալ Իսրայելի գոյությանը:
Իրանը լրջորեն ներքաշված է սիրիական կոնֆլիկտի մեջ ու անթաքույց աջակցում է Ասադի ռեժիմին: Այս հարցում ՌԴ-ի մոտեցումները միանգամայն համահունչ են Իրանի հետ, և պաշտոնական Մոսկվան աշխարհին կոշտ կերպով հասկացնել է տվել, որ մտադիր չէ «հանձնել» Ասադին: Իսկ եթե մեր ռազմավարական գործընկերոջ ու հարավային հարևանի շահերը համընկել են, ապա որքան էլ ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարի, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ստատուս-քվոն անընդունելի է Ռուսաստանի համար, այն խախտելն այս փուլում չի բխում ՌԴ-ի շահերից: Կարգավորման համաձայնագիր ստորագրել՝ նշանակում է ապահովել դրա կատարումը, դրանից հետևում է, որ միջազգային մանդատով օժտված խաղապահներ են տեղակայվելու ոչ միայն շփման գծում, այլև՝ Արաքսի ափով, Իրանի սահմանին: Պատահական չէ, որ Սարգսյան-Ալիև սպասվելիք հանդիպումը չկայացավ ժամանակավրեպ լինելու պատճառով, և այն իմաստ կունենա, երբ առաջիկայում պարզ դառնա, թե տարածաշրջանում սպասվող իրադարձությունները որքանով են ազդելու աշխարհի մեծերի պլանների վրա:
Անկասկած հայ-թուրքական արձանագրությունների՝ կյանքի կոչվելու հարցում ամենից շահագրգիռը ԱՄՆ-ն է, իսկ դա պայմանավորված է նրանով, որ Իրանին հարվածներ հասցվելու դեպքում փակվելու է հայ-իրանական սահմանը: Ուստի, մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ է լինելու Թուրքիայի հետ սահմանի բացումը, որը հնարավոր չէ, քանի որ մեր հարևանն այդ հարցը կապում է ԼՂ հարցի կարգավորման հետ, որի տակ հասկանում է, որ այն լուծվի հօգուտ Ադրբեջանի: Եվ եթե շատերի համար անտրամաբանական է թվում, թե ինչու Սերժ Սարգսյանը հետ չի վերցնում արձանագրություններն ԱԺ-ից, այնուամենայնիվ, ԱՄՆ-ի հետ գործընկերային հարաբերությունների տեսանկյունից դա լիովին հասկանալի է: Արձանագրությունների հետ կանչումը կարող է լինել թերևս երկու դեպքում. երբ ԱՄՆ-ի համար սպառված լինի հետաքրքրությունը՝ Իրանին հարվածելու, ու երբ Հայաստանը զարգացման Արևմտյան վեկտորից հրաժարվի ամբողջությամբ ու պատրաստ լինի խաղալ Ռուսաստանի պարտիան՝ մեր տարածաշրջանային խաղատախտակի վրա: Այնպես որ՝ Արևմուտք–Արևելք կողմնորոշումը, որ մեր առջև կանգնել է, միայն պայմանավորված չի լինելու ԵՄ-ի հետ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրմամբ կամ Մաքսային միություն մտնելով: Մեր դեպքում աշխարհաքաղաքական կողմնորոշման դիլեման պետք է ավելի լայն ձևաչափում դիտարկել՝ Իրանի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերի համատեքստում:
Այնպես որ, Իրանի առաջիկա նախագահական ընտրություններից թեպետ անակնկալներ չեն սպասվում, բայց նրանից հետո կորոշակիանա այդ երկրի միջուկային ծրագրերի հարցը, Սիրիայի հարցում դիրքորոշումը, ինչի արդյունքում Ռուսաստան-Իրան հարաբերությունների ճշգրտում տեղի կունենա, և այս ամենի արդյունքում կհստակեցվի տարածաշրջանային քաղաքականությունը: