Armsport.am-ը գրում է.
«Ալաշկերտի» նորեկ Դենիս Թումասյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է թիմի, Անթալիայում հավաքի և այլնի մասին.
«Թիմն ինձ շատ դուր եկավ , լավ կոլեկտիվ է հավաքվել: Տղաները շատ փորձառու են, ունեն բարձր որակներ, մարզչական շտաբը ևս լավն է: Հետաքրքիր մարզումներ ենք անցկացնում:
Երբ եկա թիմ, չէի սպասում, որ այսքան հետաքրքիր մարզումներ կանցկացնենք ու կունենանք այսքան գրագետ մասնագետներ:
Ասեմ ավելին, Ռուսաստանում քիչ են անցկացնում այնպիսի մարզումներ, ինչպիսիք «Ալաշկերտում» են: Ամեն ինչ շատ պրոֆեսիոնալ է, ամեն օր մեծ ցանկությամբ եմ գնում մարզման, հաճույք եմ ստանում: Կարծում եմ` այս հավաքը կուղղվի տակտիական կապերն ամրապնդելուն` Առաջնության մեկնարկին ընդառաջ:
Իհարկե, կցանկանամ առաջին հորիզոնականը զբաղեցնել «Ալաշկերտի» հետ: Ու արդեն եվրագավաթներում իրականացնել հայ երկրպագուների երազանքն ու թիմի հետ դուրս գալ խմբային փուլ: Կարծում եմ` ունակ ենք դրան: Պետք է հավատալ մեր ուժերին ու դրական տրամադրվել»,- ասել է Դենիս Թումասյանն ու պատմել , թե ով է իրեն ամենից շատն օգնել «Ալաշկերտում».
«Երկար ժամանակ միևնույն թիմում` «Ուրալում», հանդես եմ եկել Էդգար Մանուչարյանի հետ: Նա ինձ այստեղ շատ է օգնել թիմին հարմարվելու առումով: Նա շատ լավ մարդ է ու հիանալի ֆուտբոլիստ: Կարծում եմ` նա դեռ շատ ուրախություն կպարգևի ինչպես «Ալաշկերտի», այնպես էլ` Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուներին»:
Դենիս Թումասյանը դիմել է նաև «Ալաշկերտի» երկրպագուներին` նրանց կոչ անելով հաճախել մարզադաշտ ու աջակցել իրենց թիմին.
«Ես ձեզ սպասում եմ մարզադաշտում, որպեսզի դուք աջակցեք թիմին, իսկ մենք էլ կփորձենք ամեն ինչ անել ամեն խաղադաշտում ձեզ ուրախացնելու համար: Առաջ «Ալաշկերտ»,- ասել է Դենիս Թումասյանը: