Դենիս Թումասյան. Չէի սպասում, որ Ալաշկերտում այսքան գրագետ ու պրոֆեսիոնալ մասնագետներ կլինեն


14:20 , 14 փետրվար, 2019

Armsport.am-ը գրում է.

«Ալաշկերտի» նորեկ Դենիս Թումասյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է թիմի, Անթալիայում հավաքի և այլնի մասին.

«Թիմն  ինձ շատ դուր եկավ , լավ կոլեկտիվ է հավաքվել: Տղաները շատ փորձառու են, ունեն բարձր որակներ, մարզչական շտաբը ևս լավն է: Հետաքրքիր մարզումներ ենք անցկացնում:

Երբ եկա թիմ, չէի սպասում, որ այսքան հետաքրքիր մարզումներ կանցկացնենք ու կունենանք այսքան գրագետ մասնագետներ:

Ասեմ ավելին, Ռուսաստանում քիչ են անցկացնում այնպիսի մարզումներ, ինչպիսիք «Ալաշկերտում» են: Ամեն ինչ շատ պրոֆեսիոնալ է, ամեն օր մեծ ցանկությամբ եմ գնում մարզման, հաճույք եմ ստանում: Կարծում եմ` այս հավաքը կուղղվի տակտիական կապերն ամրապնդելուն` Առաջնության մեկնարկին ընդառաջ:

Իհարկե, կցանկանամ առաջին հորիզոնականը զբաղեցնել «Ալաշկերտի» հետ: Ու արդեն եվրագավաթներում իրականացնել հայ երկրպագուների երազանքն ու թիմի հետ դուրս գալ խմբային փուլ: Կարծում եմ` ունակ ենք դրան: Պետք է հավատալ մեր ուժերին ու դրական տրամադրվել»,- ասել է Դենիս Թումասյանն ու պատմել , թե ով է իրեն ամենից շատն օգնել «Ալաշկերտում».

«Երկար ժամանակ միևնույն թիմում` «Ուրալում», հանդես եմ եկել Էդգար Մանուչարյանի հետ: Նա ինձ այստեղ շատ է օգնել թիմին հարմարվելու առումով: Նա շատ լավ մարդ է ու հիանալի ֆուտբոլիստ: Կարծում եմ` նա դեռ շատ ուրախություն կպարգևի ինչպես «Ալաշկերտի», այնպես էլ` Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուներին»:

Դենիս Թումասյանը դիմել է նաև «Ալաշկերտի» երկրպագուներին` նրանց կոչ անելով հաճախել մարզադաշտ ու աջակցել իրենց թիմին.

«Ես ձեզ սպասում եմ մարզադաշտում, որպեսզի դուք աջակցեք թիմին, իսկ մենք էլ կփորձենք ամեն ինչ անել ամեն խաղադաշտում ձեզ ուրախացնելու համար: Առաջ «Ալաշկերտ»,- ասել է Դենիս Թումասյանը: