2018թ. ընթացքում Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննված քրեական գործերով դատարան է ներկայացվել խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ 255 միջնորդություն, որոնցից բավարարվել է 239-ը կամ 93,7 տոկոսը: 2017թ. ներկայացվել էր 363 նման միջնորդություն, որոնցից բավարարվել է 332-ը կամ 91,4 տոկոսը: Երկու տարիների համեմատական վերլուծությունը վկայում է, որ․
ա. 2018թ. ընթացքում դատարան ներկայացվող կալանքը՝ որպես խափանման միջոցի կիրառելու միջնորդությունների քանակը նվազել է 108-ով կամ գրեթե 30 տոկոսով,
բ. նման նվազման պայմաններում դատարանների կողմից միջնորդությունների բավարարման ցուցանիշն ավելացել է 2.3 տոկոսային կետով:
Նման տենդենցը դրսևորվել է ոչ միայն Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննված քրեական գործերի պարագայում, այլ ՀՀ դատախազության բոլոր ստորաբաժանումներում: Ներկայացնենք, մասնավորապես, պատկերը նաև ՀՀ կենտրոնական զինվորական դատախազության և կայազորների դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննված քրեական գործերի պարագայում:
Այսպես՝ 2018թ. ընթացքում այս շրջանակում դատարաններ է ներկայացվել կալանավորումը՝ որպես խափանման միջոց կիրառելու 1032 միջնորդություն այն դեպքում, երբ 2017թ. ընթացքում ներկայացվել է 1220 նման միջնորդություն: Այսինքն՝ 2017-ի համեմատ նման միջնորդությունների թիվը նվազել է 188-ով կամ 15.5 տոկոսով: 2018թ. ներկայացված 1032 միջնորոդություններից բավարարվել է 1027-ը կամ 99.5 տոկոսը: 2017թ. դատարանների կողմից մերժվել է ներկայացված 1220 միջնորդություններից 25-ը կամ 2 տոկոսը: Այսինքն՝ բավարարման ցուցանիշը 2017թ. համեմատ ավելացել է 1.5 տոկոսային կետով, ընդ որում՝ ՀՀ կենտրոնական զինվորական դատախազության և կայազորների դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննված քրեական գործերով 2018թ. ընթացքում մերժված 5 միջնորդություններից 4-ի դեմ դատախազների կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որոնցից 2-ը բավարարվել է (40 տոկոսը) այն դեպքում, երբ 2017թ. ներկայացված 25 մերժված միջնորդություններից 14-ի դեմ է վերաքննիչ բողոք տարվել, որոնցից ընդամենը 1-ը՝ 7.2 տոկոսն է բավարարվել:
Խափանման միջոց կալանքի կիրառման պրակտիկայի և այս ոլորտում ՀՀ դատախազության նախաձեռնությունների արդյունքների վերաբերյալ առաջիկայում կներկայացվի համապարփակ տեղեկատվություն, սակայն միայն դատախազության այս երկու օղակների՝ Երևան քաղաքի ու մայրաքաղաքի վարչական շրջաննների, ինչպես նաև ՀՀ կենտրոնական զինվորական և կայազորների դատախազությունների վարույթներում առկա գործերով վերոնշյալ պատկերը հիմնավոր կերպով խոսում է երեք կարևոր իրողությունների մասին․
1. Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերի հետևողականորեն նվազումը դատարանների կողմից միջնորդությունների բավարարման ցուցանիշի աճի ֆոնին շատ հստակ ցուցիչ է այն բանի, որ անշեղորեն բարձրանում է ներկայացվող միջնորդությունների հիմնավորվածության մակարդակը, և քրեական հետապնդման մարմինները հրաժարվում են կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու չհիմնավորված միջնորդություններ ներկայացնելու պրակտիկայից:
2. Առաջին ատյանի դատարանների կողմից միջնորդություններն ավելի շատ բավարարելու, մերժված միջնորդությունների դեմ դատախազների կողմից ներկայացված բողոքները վերադաս դատարանների կողմից ավելի շատ բավարարելու ցուցանիշների աճը փաստում է, որ այս տենդենցն արդյունք է հենց վարույթն իրականացնող մարմինների և մինչդատական քրեական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից միջնորդություններն ու բողոքները հիմնավորված ներկայացնելու համար սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու հարցում ցուցաբերվող հետևողականության:
3. Այս արդյունքը մեծապես պայմանավորված է ՀՀ դատախազության 2017թ. օգոստոսի 4-ի և 2018թ. հունիսի 12-ի կոլեգիայի նիստերի ընթացքում ընդունված որոշումներով, որոնք, ըստ էության, ուղեցույցային նշանակություն ունեն խափանման միջոց կալանքների միջնորդությունների հիմնավորվածության ապահովման համար: Այդ չափանիշների, պայմանների անշեղ պահպանումը նաև հետայսու շարունակում է մնալ ՀՀ գլխավոր դատախազության հիմնական առաջնահերթություններից մեկը: