Обстоятельства переменчивы, принципы – никогда (Oноре де БАЛЬЗАК)
Հարգելի քաղաքական գործիչներ` գիտե՞ք՝ արդեն անհետաքրքիր եք դառնում, քանզի ձեզանից շատերը արդեն 20 տարի է, ինչ նույն սցենարով են ապրում և արարում:
Հարգելի ընթերցող, ժամանակն է եկել, որպեսզի մեր քաղաքական «բանակը» հասկանա, որ «գործիչ» բառի հիմքում ընկած է գործել երևույթը, այլ ոչ թե բավարարվել միայն քննադատությամբ…
Բելինսկու հետևյալ սկզբունքը` «Вера в идею спасает, а вера в факты губит» կարող է ուղեցույց դառնալ մեր քաղաքական «պալիտռայի» համար: Ցավոք սրտի, քաղաքական գործիչների մի ստվար զանգված «քաղաքականություն» հասկացողությունը ընկալում է որպես գումար վաստակելու միջոց, և նրանց գործելաոճը շատ նման է սովորական բիզնեսմենի գործելաոճին: Սեփական գաղափարին հավատարիմ լինելը խորթ է նրանց համար, նրանք շարժվում են զուտ նպատակահարմարությամբ, այսինքն՝ նպատակահարմար են գտնում այսպես կամ այնպես անել, ուրեմն անում են այսպես կամ այնպես: Նրանց ամենայնիվ էլ չի հետաքրքրում այն փաստը, որ իրենց գաղափարն ի կատար չի ածվում կամ չի ընդունվում ժողովրդի կողմից, քանզի նրանց մի բան է հետաքրքրում՝ ինչ օգուտ կտա անձամբ իրենց տվյալ գործառույթը և վերջը, սրա մեջ է թաքնված ամբողջ գաղտնիքը:
Միայն ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում է պարզ դառնում, որ նրանցից շատերը, ընտրությունների ժամանակ սպառելով իրենց բոլոր ասելիքները, ընտրություններից հետո միտումնավոր սառեցնում են իրենց «գաղափարները»: Այո՛, միտումնավոր, քանզի չունենալով հստակ ծրագրեր՝ նրանք լավ են հասկանում, որ յուրաքանչյուր առաջարկ կարող է իրենց վրա հանրության կողմից ավելորդ լրացուցիչ ուշադրություն բերի: Ավելի լավ չէ «սկսել» թեթև աջ ու ձախ քննադատելով ցույց տալ, որ իրենք դեռ կան և մյուս ընտրությունների ժամանակ շատ մարտունակ են լինելու տրամադրված, որ միակ ընդդիմադիրը հենց իրենք են լինելու…
Հարգելի քաղաքական գործիչներ, ձեզ բոլորիդ պատմական մեծ հնարավորություն է ընձեռնված փրկել երկիրը վերջնական փլուզումից: Նայեք, թե ինչ վիճակում ենք գտնվում`
• Անապահովները «վագոններով» արտագաղթում են
• Հասել ենք այն սահմանագծին, որ միջին խավ հասկացողությունը որպես կատեգորիա հետզհետե վերանում է
• Արտաքին պարտքերը իջնելու փոխարեն աճում են
• Գազի գնի թանկացումով մեզ սպասում է գնաճ
• Մարդիկ օր օրի ավելի դժվար են աշխատանք ճարում
• Երկրի գրեթե 80 տոկոսը բանկերի տոկոսների տակ ճկռում է
• Արտաքին թշնամին ցնծում է, քանզի արտագաղթի չափերը ավելանում են
• Որոշ մարդիկ դարձել են անկառավարելի և իրենց հարցերը լուծում են միայն ավտոմատների միջոցով
• Անբժշկության հետևանքով հաշմանդամների թիվն ավելանում է
• Եվ այսպես անթիվ-անհամար
Հաշվի առնելով այս ամենը՝ կարող ենք ասել՝ ժամանակն է եկել անհապաղ գործելու, և սպասել, թե երբ է գալու ընտրությունների ժամանակը, որ նոր ակտիվանալ, դա ոչ թե սխալ է, այլ աններելի արարք կարող է դիտվել սեփական ժողովրդի հանդեպ:
Հ.Գ. Հանուն ժողովրդի եղեք ակտիվ, մի վերածվեք ուրվականների, որոնք մերթ ընդ մերթ են ի հայտ գալիս:
replik.am



