Փաստորեն, մենք քաղաքացիական հասարակություն չենք ունեցել, ու դժվար էլ ունենանք։
Մենք այսօր չունենք քաղաքացիական հասարակություն: Կարելի է նշել, որ մենք, փաստորեն, երբեք էլ չենք ունեցել այն: Ասել ինչու. այն սոցիալական սեգմենտը, որ կազմված էր ՀԿ-ներից, մեդիաներից, անհատ ակտիվիստներից, իրավապաշտպաններից ու այլ խմբերից, 2018-ի արդյունքում դարձել է իշխանություն: Այսինքն՝ հավանաբար այն առաջին հերթին «քաղաքական ընդդիմադիր հասարակություն» էր: Մնացել են հատուկենտ անձինք, իրավապաշտպաններ, ովքեր շարունակում են քաղաքացիական իրավունքների պաշտպանի դիրքերից հանդես գալ: Ու նրանք ենթարկվում են խիստ քննադատության նախկին «թիմակիցների» ու հանրության կողմից: Մյուս կողմից՝ քաղաքացիական ակտիվի՝ իշխանություն չդարձած այլ անհատներ, ովքեր նույնպես շատ քիչ են, շատ զգույշ են քննադատում նորերին՝ փորձելով դրականը համադրել բացասականի հետ: Մեդիաների մասով, առհասարակ, երբեմնի ընդդիմադիր մամուլի մի շարք սեգմենտներ դարձել են իշխանական ու լուրջ ֆիլտրացիա են իրականացնում իրենց տեղեկատվական հոսքերի ներկայացման հարցում:
Սա իրականում շատ վատ է. փաստորեն, ստացվում է, որ մեր ենթադրյալ քաղաքացիական հասարակությունն իրականում ընդդիմադիրների հասարակություն էր, ոչ ֆորմալ կուսակցություն, ում նպատակը իշխանափոխությունն էր, իսկ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը միայն գործիքակազմ էր: Հիմա իշխանափոխություն տեղի է ունեցել, ու այդ դաշտը մնացել է բաց: Իսկ քաղաքացիաների խնդիրները չեն անհետացել: Դրանք առկա են բոլոր իշխանությունների պարագայում: Հիմա ուղղակի իրավիճակն է փոխվել։ Այդ խնդիրները թերևս «հներից» որևէ մեկի կողմից դեռևս չեն ներկայացվում, հանրայնացվում, պաշտպանվում: Ի հայտ են եկել նոր անհատներ, ովքեր հատվածային գործ են անում այդ առումով ու փորձում են դիրքավորվել: Եվ այդ անհատներն իրենց գործունեության ընթացքում ենթարկվում են լրջագույն ճնշումների:
Մյուս կողմից՝ այս պայմաններում քաղաքացիական այն հասարակությունը, որ, անխոս, ձևավորվելու է ինչ-որ ժամանակ հետո, նույնպես կլինի ավելի շուտ քաղաքական: Ովքե՞ր են այն ձևավորելու. ակնհայտ է, որ նախկին իշխանության հետ կապված քաղաքական, հասարակական ու անհատական օղակները: Կլինեն նաև նոր քաղաքական խաղացողներ, ովքեր կփորձեն դաշտում դիրքավորվել հետագայում իշխանության գալու նպատակով: Այսինքն՝ քաղաքացիական խնդիրները հետագայում նույնպես կիրառվելու են քաղաքական օրակարգով՝ հարվածելու նոր իշխանություններին:
Ստացվում է այնպես, որ մեր երկրում ի՞նչ քաղաքացիական հասարակություն ձևավորվում է, այն անխուսափելիորեն դառնում է քաղաքական ու դա երկրի համար լավ չէ, բայց դե ունենք այն, ինչ ունենք: