Ո՞նց կարելի է այդքան դատարկ լինել, ի՞նչ «անվերապահ կապիտուլյացիա» հայ-ադրբեջանական ղարաբաղյան կոնֆլիկտում... 

Անվերապահ կապիտուլյացիայի համար անհրաժեշտ է առնվազն երկու ճանաչված, միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ հանդիսացող երկրների միջև հայտարարված պատերազմ: Պետք է այդ պատերազմը վարված լինի միջազգային ռազմական իրավունքին համապատասխան: Հատուկ կոնսպիրոլոգիայի զանազան սիրահարների և խորհրդականների համար եմ բացատրում։

Անվերապահ կապիտուլյացիան (unconditional surrender) միջազգային իրավական պայմանագիր է, որով սահմանվում է երկու պատերազմող երկների միջև ռազմական գործողությունների դադարումը՝ առանց պարտվող կողմի համար նախապայմանների, պարտվող կողմի զինված ուժերը զինաթափվում են և հանձնվում, պարտվող կողմը զրկվում է պետական սուվերենիտետի որոշ տարրերից, կառավարման սեփական մարմինններ ձևավորելու սուվերեն իրավունքից, վճարում է ռազմատուգանք և այլն, և այլն... 

Այսինքն՝ այն բանի համար, որ Ղարաբաղյան պատերազմում ինչ-որ կերպ հնարավոր լիներ հասներ Ադրբեջանի անվերապահ կապիտուլյացիային, պետք է առնվազն Հայաստանը պատերազմ հայտարարեր (որ լիներ հայտարարված պատերազմ երկու միջազգայնորեն ճանաչված, լիարժեք միջազգային իրավասուբյեկտությամբ օժտված կողմերի միջև), լիարժեքորեն ջախջախեր ադրբեջանական զինուժն այնպես, որ վերջինս էլ ի վիճակի չլիներ որևէ լուրջ հակազդեցության, ապա Բաքվի իշխանությունների հետ կնքեր անվերապահ կապիտուլյացիայի պայմանագիր, որով Հայաստանը կօկուպացներ Ադրբեջանի տարածքը, կմտցներ կապիտուլյացիայի ռեժիմ (օրինակ՝ կհսկեր ելումուտն այդ երկիր, կկազմակերպեր իշխանության մարմինների կազմաքանդումը և նորի ստեղծումը և այլն), կնշանակեր այնտեղ կառավարիչներ և պետք է ունենար բավականին ուժեր՝ ցանկացած խռովություն զսպելու կամ ճնշելու համար և այլն, և այլն... 

Եվ այդ ամենը նախ՝ Հայաստանը պետք է կարողանար, երկրորդ՝ պետք է թույլ տային նրանք, որոնք որոշող են այս երկրագնդի վրա... Վերջինը, թերևս, ամենակարևորն է: 

Հո մենակ «հրադադար չստորագրեիք, անվերաապահ կապիտուլյացիա պարտադրեիք» ասելով չի՞, այն էլ՝ դեմքի լրջմիտ արտահայտությամբ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել