Հայկական ֆուտբոլի զարգացման համար արվում են լրջագույն քայլեր, որոնց մասին խոսելու առիթներ դեռևս շատ կունենանք: Խոսքս ոչ միայն ֆուտբոլի մասսայականացմանն ուղղված գործուն քայլերի մասին է՝ նոր մարզադաշտեր, գործող ու ձևավորվող թիմերին տեխնիկական և այլ բնույթի աջակցություններ կամ կանանց ֆուտբոլի զարգացում, այլ նաև այն մասին է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երկարատև բանակցություններից հետո կարողացել է Հայաստան հրավիրել աշխարհահռչակ մի մարդու՝ իսպանացի Խինես Մելենդեսին: Այս մարդը ստանձնել է մեր ֆուտբոլային համակարգը վերափոխողի, եթե կուզեք՝ նոր համակարգ կառուցողի դժվար ու շատ պատասխանատու գործը։ Լեգենդար այս մարդը ջանասիրաբար աշխատում է մեր ֆուտբոլի վաղվա օրվա համար, փոխել ու փոխում է շատ բաներ, դրանք կներկայացվեն տարբեր ձևաչափերով, ու հասանելի կդարձնենք հանրությանը: 

Մելենդեսն այն մարդն է, ով Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներում մարզել է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Չավի Էռնանդեսը, Անդրես Ինիեստան, Իկեր Կասիլյասը, Դավիդ Վիլյան, Սեսկ Ֆաբրեգասը, Խուան Մատան, Ժեռար Պիկեն, Իսկոն, Դավիթ դե Խեան և այլք: Նրա գլխավորությամբ Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներ հասել են բացառիկ հաջողությունների․ մի քանի անգամ իր թիմերի հետ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն (Մ-17, Մ-19), 2011թ.-ից մինչ Հայաստան տեղափոխվելը զբաղեցրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի և Իսպանիայի մանկապատանեկան ֆուտբոլի համակարգողի պաշտոնը: Ուզում եմ ասել՝ ամեն ինչ արվում է հայկական ֆուտբոլի վաղվա օրվա համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել