Թող ների ինձ իմ գործընկեր ու լավ ընկեր Հրաչ Հակոբյանը, բայց քանի դեռ նորմալ քննարկում չի ծավալվել, ու այնուամենայնիվ, արդեն լայն շրջանառում է ստանում բուքմեյքերների գովազդների արգելքի մասին օրենքի նախագիծը, ես ասեմ, որ էս պահին իմ արած հետևությունների արդյունքներով՝ ես չեմ կարող կողմ լինել էդ նախագծին:
Գուցե ինչ-որ բաներ բաց եմ թողել, գուցե քննարկենք, ու ինչ-որ բաներ ինձ համար հասկանալի դառնան, բայց էս պահին իմ հետևությունները սրանք են․ հանրային կարծիքն այն մասին, թե արդյոք դուրեկան է այդ գովազդների առատությամբ փայլող կայքեր կարդալը, որպես միանշանակ հիմք չի կարող ընդունվել: Ես էլ եմ ասում՝ անդուր է: Բայց եթե հիմքը միայն դա է, ուրեմն՝ եկեք խոսենք էդ գովազդային բլոկների համար սահմանումներ տալուց: Թող դուրս չթռչեն, թող ծանր չլինեն, թող փոքր լինեն, հազար ու մի ուրիշ բան:
Եթե հիմքը նաև այն է, որ մենք պայքարում ենք բույքմեյքերության դեմ՝ կհասկանամ: Բայց եթե Ալեն Սիմոնյանը նախաձեռնում է բուքմեյքերական կետերի սահմանափակման նախագիծ (ինչին կողմ եմ, ի դեպ), բայց թողնում ենք այդ ընկերություններին օնլայն տիրույթում, ապա ինչո՞ւ ենք նույն տիրույթում խանգարում նրանց նոր մրցակցային դաշտ ձևավորել:
Ի վերջո, այդ ընկերություններն այդուհետև մոտիվացված են լինելու գովազդներ տեղադրել միայն օնլայն հարթակներում՝ դեպի իրենց ռեսուրսներ քլիքներ ապահովելու համար: Իսկ սա նշանակում է՝ գովազդային շուկայի ընդլայնում ու լրատվամիջոցների համար ֆինանսական անկախության ևս մի աստիճան նվաճելու հնարավորություն:
Գովազդն արգելելով անում ենք հակառակը, փակում ենք դեպի այդ ֆինանսական անկախություն տանող նեղ երդիկներից մեկը՝ հավելյալ բարդություններ ստեղծելով զանգվածային լրատվության միջոցների համար: Առավել ևս՝ կարծում եմ, որ խաղադրույքային օնլայն հարթակների ու բուքմեյքերական կետերի վիճակագրականի համեմատությունը խոսելու է հօգուտ առաջինների, տվյալ դեպքում՝ նվազ վտանգավորության տեսակետից: Չնայած տվյալներին չեմ տիրապետում, ու գործընկերներս, վստահ եմ, կտրամադրեն:
Սրանք այս պահին իմ միակ հետևություններն են, որոնցում չեմ բացառում, որ սխալվում եմ: Հույս ունեմ՝ առողջ բանավեճ կծավալենք: