Yerkir.am-ը գրում է.

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով նախարարության 404 հրամանին, ասաց, որ, հրամանի համաձայն, զորակոչվում են նաև առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները, և հրամանը վերանայման կարիք ունի:

Ըստ նրա` հայկական բանակում պետք է ծառայեն կատարյալ առողջ զորակոչիկները, հետևաբար` պետք է վերանայվի ամբողջ հայեցակարգը` հաշվի առնելով ռեսուրսների կորստի հնարավորությունը:

 «Հիվանդություններ կան, որոնց առկայության դեպքում քաղաքացին շարային ծառայության համար պիտանի չէ, սակայն այլ ծառայություն կարող է իրականացնել: Ծառայության ամբողջ համակարգը վերանայելու անհրաժեշտություն կա, և մենք ՊՆ ղեկավարության հետ մեր առաջնահերթ ծրագրերի մեջ կպլանավորենք նաև այդ ծրագրերը»,- նշեց հանձնաժողովի նախագահը:

Քոչարյանը խոսեց նաև 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների մասին: Ըստ նրա` այն ամբողջությամբ բացահայտելու «քաղաքական պատվեր կա»:

«Պատվեր» բառը լավ չի հնչում, բայց սա բացառիկ հնարավորություն է, որ մեր իրավապահ համակարգը, որը տարիներ շարունակ օգտագործել են անօրինական գործողությունների շրջանակում, փչացրել են շատ պատասխանատու պաշտոնյաների, լուծի այդ խնդիրը: Բոլոր նրանք, ովքեր տեղեկություն ունեն այս մասով, պետք է ներկայացնեն: Ես նորից պետք է դիմեմ այն պաշտոնյաներին, որոնք տիրապետում են ծավալուն տեղեկատվության` այս հարցի ամբողջական բացահայտման համար, որովհետև այլևս թաքցնելու ոչինչ չի լինելու, թող գան, աջակցեն նախաքննական մարմնին»,- հորդորեց Քոչարյանը։

Եթե առանցքային պաշտոնյաները Հայաստանի սահմաններից դուրս են գտնվում, «Մարտի 1»-ի ամբողջական բացահայտում կարո՞ղ է լինել, այսպիսի հարց ուղղեց լրագրողներից մեկը: Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Առանցքային ներկայացուցիչներն իրենք էլ արդեն հոգեբանորեն գիտակցում են, որ իրենց՝ երկրի սահմաններից դուրս գտնվելն անիմաստ է: Խոսքը վերաբերում է թե՛ պաշտպանության նախկին նախարարին, թե՛ նախաքննությունն իրականացրած Վահագն Հարությունյանին:

Չգիտեմ՝ Վահագն Հարությունյանն ինչպես է մտածում, բայց ես կարծում եմ, որ պետք է գա ու ներկայացնի այն տեղեկատվությունը, որին տիրապետում է»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել