Չինաստանը «զզվելի» է որակել Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարություններն ույղուրների մասին և բողոք հայտնել թուրքական կողմին: Այդ մասին այսօր հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Համի Աքսոյն իր հայտարարությունում կոչ էր արել Չինաստանին հարգել էթնիկ ույղուրների իրավունքները և փակել ճամբարները, որոնք նախատեսված են նրանց բռնի պահման համար: Աքսոյը «խայտառակություն» էր որակել այն, որ XXI դարում դարձյալ ի հայտ են եկել համակենտրոնացման ճամբարներ:
Թուրքիան պանթուրքիզմի և պանիսլամիզմի արտաքին քաղաքականության շրջանակներում շարունակում է կոշտ դիրքորոշում ունենալ ույգուրական հարցում` փորձելով աշխարհում ներկայանալ որպես ույգուրների պաշտպան երկիր: Ույգուրական հարցը թուրք-չինական հարաբերություններում միշտ էլ խնդիրներ է առաջացրել և շարունակել է մնալ թեժ կետ Պեկին-Անկարա հարաբերություններում:
Չինաստանը միշտ կոշտ է արձագանքում իր երկրի ներքին հարցերին միջամտությանն ու շարունակելու է իր քաղաքականությունը Սինցզյանում` անկախ Անկարայի կամ այլ երկրի հայտարարություններից:
Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի բնակչությունը կազմում է 21.813.334 մարդ: Բնակչության 45%-ը կազմում են իսլամ դավանող, թյուրքալեզու ույգուրները, իսկ 40%-ը չինացիներ են: Չինական իշխանությունները մեղադրում են ույգուրներին ազգայնականության և անջատողականության մեջ:
Ույգուրներն իրենց հերթին հայտարարում են, որ իշխանությունները սահմանափակում են իրենց ինքնավարությունը և ոտնահարում իրավունքները: Ույգուրների իրավունքների պաշտպանությամբ զբաղվում է Համաշխարհային ույգուրական կոնգրես կազմակերպությունը: Այն ձևավորվել է 1992թ.-ին Ստամբուլում, սակայն այնուհետև Չինաստանի ճնշման հետևանքով կազմակերպության շտաբ-բնակարանը տեղափոխվել է Մյունխեն: Այս պահին կազմակերպությունը գլխավորում է Ռաբիա Կադիրը, ով այդ պաշտոնում ընտրվել է 2006թ.-ին:
«Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժում» կազմակերպությունը, որի շատ անդամներ այս պահին գտնվում են Սիրիայում` իսլամիստական տարբեր խմբավորումներում, սպառնում են Չինաստանի կենտրոնական իշխանություններին ահաբեկչություններով։ Ույգուրական ծայրահեղականների հարձակման թիրախ են դառնում հիմնականում տեղի չինացիներն ու զինվորականներն ու ոստիկանները։
Պեկինը տարիներ շարունակ իրականացրել է Սինցզյանի ժողովրդագրական դեմքի փոփոխությանն ուղղած միջոցառումներ` տարբեր շրջաններից շինարարության, արդյունաբերության զարգացման պատրվակներով չինացիներ է բնակեցրել այդ շրջանում։ Թվաքանակի փոփոխությունը նպատակ ուներ թույլ չտալ ույգուրներին կոմպակտ բնակվել մի տարածաշրջանում ու առաջ քաշել անկախության պահանջներ։