Yerkir.am-ը գրում է.

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի կարծիքով` պարգևավճարները նպաստելու են, որ դրանք ստացողներն ավելի լավ աշխատեն, ուստի վերանայումներ կարող են լինել, բայց դա էական հարց չէ:

«Միլիարդավոր դրամներ են տրվում տարբեր աշխատակիցների՝ որպես աշխատավարձ, իսկ ինչ վերաբերում է 7-8 միլիոնի հասնող  պարգևավճարներին, դուք հետաքրքրվե՞լ եք, թե այդ աշխատակիցներն ինչ աշխատանք են կատարել այդ ամիսներին»,- լրագրողներին ասաց նա՝ անդրադառնալով քարտուղարուհիներին, նրանց օգնականներին տրամադրված պարգևավճարներին վերաբերող հարցին:

Հակադարձմանը՝ երեք ամսո՞ւմ,  ի՞նչ են կոնկրետ արել, մարզպետը պատասխանեց. «Այո, 3 ամսում: Գիտեք, թե ինչ գրաֆիկով են աշխատել, զբաղվել են իրենց գործառույթով, կառավարության ծրագրերը տեղ հասցնելով, դրանք արդյունավետ դարձնելով»:

Դիտարկմանը, որ դրա համար աշխատավարձ է նախատեսված, Գևորգյանն արձագանքեց. «Աշխատանքն ավելի լավ կատարելու համար, ինչպես ամբողջ աշխարհում է ընդունված, օրենքով սահմանված կարգով կարող են պարգևատրվել»:

Մարզպետին հիշեցրեցին, որ, ՀՀ վարչապետի հանձնարարականով, պարգևավճարները պետք է վերանայվեն, հիմա այն ստացողները չպե՞տք է լավ աշխատեն, ի վերջո, բոլորն էլ իրենց գործառույթի համար աշխատավարձ են ստանում: Արագածոտնի մարզպետը վստահեցրեց, որ իր դեպքում պարգևավճարները չեն գերազանցել 100 տոկոսի շեմը, և որ այն տրվել է ստորին օղակից մինչև վերին օղակ:

«Ինձ մոտ ոչ մեկ մի քանի անգամ ավելի չի ստացել, այլ` հավուր պատշաճի,  և ստորին օղակից մինչև վերև է բարձրացել: 100 տոկոսն էլ  չի գերազանցվել: Ինչ վերաբերում է վերանայմանը, ես պիտի ասեմ՝ միջին օղակի համար աշխատավարձը պիտի բարձրանա. ես հիմա 80.000 դրամով  վարորդ եմ փնտրում, չեմ գտնում: Ավելին` մարզպետարանի հավաքարարի աշխատավարձը 55.000 դրամ է, այդ աշխատավարձով երկու հավաքարարը կարո՞ղ են երեք հարկանի շենքը մաքրել»,- նշեց նա:

Իսկ թե ի՞նչ փոփոխություններ են կատարվել իր ղեկավարած մարզում, Դավիթ Գևորգյանը նշեց, որ մի շարք փոփոխություններ են եղել կրթության և առողջապահության ոլորտներում: «Բնակիչներից հարցրեք Աշտարակի հիվանդանոցում կատարված վերջին երեք ամսվա փոփոխությունների մասին` հեղափոխական փոփոխությունների, որոնց աշտարակցին 10 տարուց ավելի սպասել է»,- ընդգծեց մարզպետը:

Դիտարկմանը՝ սարքավորումնե՞ր չկային, թե՞ բժիշկներ, Գևորգյանը պատասխանեց. «Սպասարկումից մինչև արդյունավետ կառավարում»:

Հարցին՝ իսկ ուսուցիչներին, բժիշկներին ինչո՞ւ  չտրվեցին 7-8 միլիոնի հասնող  պարգևավճարներ, մարզպետն արձագանքեց. «Ես կարող եմ ասել միայն աշխատավարձի այն ֆոնդի մասին, որը ես եմ տնօրինում: Ուսուցիչների աշխատավարձերն ու պարգևավճարները տնօրինում են տնօրենները, արդյունավետ կառավարման արդյունքում կարող են խնայողություն անել, անիմաստ ծախսեր չլինեն, և ուսուցիչներն էլ  պարգևավճարներ ստանան»:

Դավիթ Գևորգյանը վստահեցրեց, որ հանձնաժողով է ձևավորելու, որը զբաղվելու է  դպրոցների կառավարման արդյունավետությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել