Ի վերջո կոկորդիլոսի ձուն թռչնի՞ ա, թե՞ կենդանու: Էս դիլեման առանց նախապատմության ահագին խնդալու ա, որովհետև դիլեմա էլ չի, ախմախ հարց ա, որտեղ կարող ես առավելագույնը ինչ-որ տրամաբանական «թակարդ» ենթադրել:
Բայց ի վերջո փաստաթղթավորման մեջ, եթե կենդանու ու թռչնի ձվերը տարբեր չափորոշիչներ ունեն, դրանից կախված են լիքը այլ իրավական նորմերի կիրառումներ, ու չկա նախադեպ՝ կոկորդիլոսի ձու ներկրելու, էլ ուրիշ ի՞նչ անես, եթե չփորես էդ ախմախ հարցի պատասխանը գտնել:
Ամեն դեպքում իրավիճակն իրոք խնդալու ա, Արարատի մարզպետն էլ՝ պարզ հասարակ մի տղա, ինչ կա՝ էդպես ասում ա, չի թաքցնում: Իրեն թվում ա՝ ոնց էլ ասի, եթե ճշմարտությունն ասի, ճիշտը էդ կլինի: Էն, որ մինչև հիմա որևէ չափորոշիչ չկա՝ կոկորդիլոսի ձուն թռչնի ա, թե կենդանու՝ իրենից չի կախված, ուղղակի իր բախտը չի բերել, ու ինքն ա ասում: Էլ չեմ ասում՝ կոկորդիլոս բառն էլ ա խնդալու ինքն իրենով: Հլը ասա՝ կը-ռա-կա-ձի՞լ:
Իսկի երևի ոչ մեկն էլ դրանում մեղավոր չի: Ոչ մեկի մտքով չի անցել՝ կոկորդիլոս աճեցնի Արարատի մարզում, էլ ինչի՞ անիմաստ չափորոշիչ որոշվի: Պատկերացրեք մի աշխատող հենց նենց մտնում ա իր ղեկավարի մոտ ու ասում՝ շեֆ, գիտե՞ս, նոր մտքովս անցավ, որ կոկորդիլոսի ձվի համար իրավական նորմատիվային չափորոշիչ չունենք՝ թռչնի ա՞, թե՞ կենդանու: Պատկերացրի՞ք շեֆի դեմքի արտահայտությունը: Ես էլ:
Հիմա մեկը որոշել ա հեղափոխություն անի, ու կոկորդիլոս ա ուզում աճեցնի Արարատում: Խնդալու ա, էդ կարգի ռադիկալ փոփոխություններ չի կարելի անել, կոգնիտիվ դիսոնանս ա առաջանում: Պետք ա հեղափոխությունը զգույշ անել, ասում ա հանրությունը, աստիճանաբար, որ ոչինչ փուլ չգա: Արդա՞ր ա ասում, սխալվու՞մ ա՝ միասին որոշենք:
Էս մասին չէի հիշի, եթե նորից չնկատեի՝ ծաղրը շարունակվում ա: Ու լավ ա լինում, որ շարունակվում ա: Որովհետև էդ Արարատի մարզպետը չի ծաղրվում, էդ մի համակարգ ա ծաղրվում, որտեղ պետք ա չափորոշիչ սահմանվի՝ կոկորդիլոսի ձուն կենդանու ա՞, թե՞ թռչնի: Ու ի հայտ ա գալիս՝ դեռ ինչեր կան անելու:
Ուղղակի քննադատության բովանդակությունն ա անորակ, թիրախավորումներն են ինքնանպատակ ու ժամանակավոր նշանակության: Ոչ մեկ չի նեղվում քննադատությունից, երբ դա խնդիր մատնացույց անելուն ու դրան լուծում առաջարկելուն ա միտված, երբ դրա շեշտադրումից հասկանում ես, որ էդ անող մարդու նպատակը քոնի հետ համընկնում ա, ինքն էլ ա քո պես ուզում, որ երկիրը հաջողի: Թե չէ՝ կոկորդիլոսի ձուն թռչնի ա՞, թե՞ կենդանու, իրոք ախմախ հարց ա, համաձայն եմ: Կամ էլ հլը ասա՝ կը-ռա-կա-ձի՞լ, տես ինչ խնդալու ա: