20-րդ դարում Մերձավոր Արևելքի երկրների, հատկապես Իրաքի և Սիրիայի պատմությունը բավականին հետաքրքիր է։ Դեռևս 1950-ականներից սկսած՝ Իրաքը հայտնվել էր պերմանենտ ռազմական հեղաշրջումների փուլում: 1958-ի ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանությունը հայտնվել էր զինվորականության, մասնավորապես՝ Աբդուլ Քասեմի ձեռքում: 1963թ. այս օրը՝ փետրվարի 8-ին, կրկին ռազմական հեղաշրջման միջոցով այս անգամ իշխանության եկավ «Բաաս» խմբավորումը (Արաբական սոցիալիստական վերածնունդ կուսակցություն), որը հիմնադրվել էր 1947թ. և ուներ իր կուսակցական մարմինները նաև Սիրիայում: Դա, ըստ էության, հանցագործ խմբավորում էր, որը բազում տառապանքներ պատճառեց ոչ միայն Իրաքի ժողովրդին, այլ նաև քրդերին: Բասիստները նույն 1963թ. մարտ ամսին նույն կերպ վերցրին իշխանությունը Սիրիայում: Իրաքում իշխանություն վերցնելուց հետո նրանք մի քանի ամիս անց կորցրին իշխանությունը, սակայն 1968-ին կրկին ռազմական հեղաշրջումով վերցրին այն: Հարկ է նշել, որ մինչ այդ 1966թ. կուսակցության իրաքյան և սիրիական մարմինների միջև կոնֆլիկտ ծագեց, և կուսակցությունը, ըստ էության, բաժանվեց երկու թևի: Ընդ որում՝ սիրիական թևը մինչ այժմ Սիրիայում իշխանության գլուխ է Բաշար Ասադի տեսքով: 1968-ին Իրաքում կրկին իշխանության գալուց հետո խմբավորման շարքերում իր գործունեությունն էր արդեն ծավալում Մերձավոր Արևլքի ամենասարսափելի դահիճներից մեկը՝ Սադամ Հուսեյնը, ով, քայլ առ քայլ ֆիզիկապես ոչնչացնելով կամ բանտերը նետելով իր քաղաքական հակառակորդներին, իշխանություն վերցրեց ոչ միայն խմբավորման մեջ, այլև ողջ երկրում: «Բաասի» թե՛ իրաքյան, թե՛ սիրիական թևերն ակտիվորեն համագործակցել են խորհրդային կոմունիստական կուսակցության և մասնավորապես հատուկ ծառայությունների հետ: Եթե կուսակցության սիրիական թևը մինչ այժմ Սիրիայում իշխանության գլուխ է, ապա իրաքյան թևի գործունեությունը Իրաքում դադարեցվեց 2003թ․:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: