168.am-ը գրում է․

Բեռլինի հերթական 69-րդ միջազգային կինոփառատոնը («Բեռլինալե») փետրվարի 6-ին բացվում է դանիացի ռեժիսոր Լոնե Շերֆիգի «Անծանոթների բարությունը» ֆիլմի ցուցադրմամբ: Պաշտոնական արարողությունը տեղի կունենա «Պոտսդամի հրապարակի թատրոնում»:

Բեռլինի կինոփառատոնի ժյուրին գլխավորում է դերասանուհի Ժուլիետ Բինոշը, որը 1997 թվականին Բեռլինալեի լավագույն դերասանուհի էր ճանաչվել «Անգլիացի պացիենտը» ֆիլմում խաղացած դերի համար:

Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ այս տարի պատվավոր «Ոսկե արջի» դափնեկիր կդառնա բրիտանացի դերասանուհի Շառլոտա Ռեմփլինգը: Այս պարգեւը հանձնվում է ստեղծագործական գործունեության եւ կինոարվեստի զարգացման գործում ներդրած ավանդի համար:

Բեռլինալեի հիմնական ծրագրում ներառված է 25 երկրների 23 ֆիլմ, որոնցից 17-ը կպայքարեն գլխավոր մրցանակի համար: Փառատոնի դափնեկիրները հայտնի կդառնան փետրվարի 16-ին, նույն օրը կկայանա պարգեւատրման արարողությունը, իսկ փառատոնը կավարտվի դրանից մեկ օր հետո:

Բեռլինի առաջին կինոփառատոնը բացվել է 1951 թվականի հունիսի 6-ին՝ Ալֆրեդ Հիչքոքի «Ռեբեկա» ֆիլմի ցուցադրմամբ: Այժմ Բեռլինալեն իր հեղինակությամբ ավելի ու ավելի հաճախ է նույն շարքում դասվում Կաննի եւ Վենետիկի փառատոների հետ: Եվ եթե ավելի վաղ գերմանական կինոփառատոնը զիջում էր թեկուզեւ աստղային հյուրերի կազմով, ապա վերջին տասնամյակում այդ առումով բոլորովին նոր մակարդակի է հասել:

Հավելենք, որ ամեն տարի Բեռլինալեի կինոսեանսներին հաճախում է ընդհանուր առմամբ ավելի քան 300 հազար մարդ, տարբեր ծրագրերում ներկայացված են հարյուրավոր ֆիլմեր, հավատարմագրում են խնդրում հազարավոր լրագրողներ ամբողջ աշխարհից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել