«Девочка, стоп!» կատարումը ժամանակին իսկական բում արեց՝ դառնալով այդ տարվա գլխավոր հիթերից մեկը։ Այն մինչև այսօր մնում է ուրախ միջոցառումների ժամանակ ամենաշատը հնչող երգերից մեկը։ Երգի հեղինակ և կատարող Արսեն Շախունցը մեկը մյուսի հետևից շարունակում է նոր երգեր թողարկել, որոնք ևս իսկական հիթեր են դառնում։ Միայն YouTube-ում Շախունցի տեսահոլովակների ընդհանուր դիտումները հասնում են 303 միլիոնի, իսկ նրա հոլովակների մեկնաբանությունների բաժնից կարելի է հասկանալ, որ երգիչի լսարանը ընդգրկում է ամենատարբեր ազգության ներկայացուցիչների։ Մեկնաբանություններ են թողնում օգտատերեր՝Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, անգամ՝ Ադրբեջանից։
Շախունցի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը «Гудбай, до свидания» կատարումն է, որի երաժշտության, բառերի և գործիքավորման հեղինակը հենց երգիչն է։ Երգի տեսահոլովակի դիտումները հասնում են 23 միլիոնի։ Բացի նրանից, որ երգը հնչում է ամենատարբեր համերգային ծրագրերի ու միջոցառումների ընթացքում, այն նաև բավականին տարածված է սոցիալական հարթակներում։ Մի շարք հայտնիներ իրենց սոցիալական հարթակներում կիսվում էին այս կատարմամբ։
Երգը գրավել է ոչ միայն հայ հանդիսատեսի համակրանքը, այլ նաև լայն տարածում է ստացել Ռուսաստանում։ Կատարումը նաև հնչել է Անդրեյ Մալախովի «Песни от всей души» հաղորդման ընթացքում՝ արժանանալով հանդիսատեսի ոգևորությանն ու դրական մեկնաբանություններին։
Շախունցի ինչպես մյուս, այնպես էլ այս երգի հաջողության և լայն մասսայականության գլխավոր ապացույցներից է բազմաթիվ քավր տարբերակներ ունենալը։ Ի դեպ, քավրներ ներկայացրել են ամենատարբեր ազգության ներկայացուցիչներ, ինչը ցույց է տալիս, որ Արսեն Շախունցի լսարանը լայն աշխարհագրություն ունի։
Հեղինակ՝ Գեղամ Վարդանյան