Azatutyun.am-ը գրում է.

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը արձագանքել է նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի երեկվա հայտարարությանը, թե «Հայոց ցեղասպանության մասին պնդումները իրավական հիմնավորումից զուրկ, պատմական իրականությանը հակասող քաղաքական սուտ են»:

«Թուրքիան չառերեսվեց, չընդունեց պետության որոշմամբ այս հողերից արտաքսված և կոտորված հայ ժողովրդի մեծ եղեռնը: Տեղի ունեցածը նախ և առաջ պետք է լինի Թուրքիայի խորհրդարանի և նախագահի խնդիրը, պետք է առերեսվեն, դեպքերը կոչեն իրենց անունով: 104 տարի է արդարության ենք սպասում», - իր թվիթերյան էջում գրել է Գարո Փայլանը: Նա տարակուսանք է հայտնել՝ եթե Հայոց ցեղասպանությունը քաղաքական սուտ է, ապա ինչո՞ւ է նախագահ Էրդողանը վերջին 5 տարում ապրիլի 24-ին հայ ժողովրդին ցավակցական ուղերձ հղում:

Հիշեցնենք, նախօրեին Թուրքիայի նախագահի խոսնակը խստորեն դատապարտել էր ապրիլի 24-ը Ֆրանսիայում որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին նախագահ Էմանյուել Մակրոնի որոշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել