Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է իրավիճակն ակտիվացնել սիրիական ճակատում՝ հանրության ուշադրությունն արտաքին թշնամու վրա հրավիրելու համար, հաշվի առնելով երկրի ներսում հասունացող բողոքը: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ի մամուլի ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Ըստ նրա՝ որոշակի պատերազմական գործողություններ հրահրելով՝ Էրդողանը կփորձի թուրքական հանրությունում արտաքին թշնամու կերպար ձեւավորելու միջոցով աղավաղել ներքին թշնամու կերպարը:
«Մեծ հավանականություն կա, որ ամռանը, հատկապես՝ աշնան սկզբին, ակտիվություն կդիտվի սիրիական ճակատում»,- ընդգծել է Շաքարյանը:
Անդրադառնալով երկրի ներսում հակակառավարական ցույցերին՝ նա նշել է, որ վերջին երկու օրերին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, Թաքսիմն ազատված է, գիշերն աննշան բախումներ են տեղի ունեցել միայն Ստամբուլի քրդական Գազի թաղամասում:
«Ընդհանուր առմամբ, սպասվում է, որ ժամանակի ընթացքում դրությունը կհանդարտվի: Ինչ վերաբերում է հայկական համայնքին, այն երկու մասի է բաժանված՝ 19-25 տարեկան, հիմնականում ձախ հայացքների տեր անձինք ակտիվ մասնակցում էին ցույցերին»,-նշել է թուրքագետը՝ հավելելով, որ հայկական համայնքի մյուս՝ առավել փորձառու հատվածը գիտի, որ անկախ ամեն ինչից՝ վերջում հարվածի տակ հայերն են հայտնվելու:
Արտակ Շաքարյանն ընդգծել է, որ Թուրքիայում կատարվող դեպքերը ոչ մի ուղղակի ազդեցություն չեն ունենա Ղարաբաղի հարցի վրա: «Եթե հանկարծ Թուրքիայում ազգայնականները գան իշխանության, դա Էրդողանի ներկայիս դիրքորոշումից շատ ավելի վատ կլինի»,- եզրափակեց թուրքագետը:
Հիշեցնենք, որ Ստամբուլի Գեզի այգու տարածքում առեւտրի կենտրոն կառուցելու մասին թուրքական իշխանությունների որոշումը քաղաքացիների դժգոհությունն ու զանգվածային ցույցեր էր հրահրել: Այժմ այգում վրանային ճամբար եւ բուժկետեր են տեղակայված: