Armenpress.am-ը գրում է.

«Freedom House» կազմակերպությունը հրապարակել է աշխարհում ժողովրդավարական զարգացումներին նվիրված «Freedom in the World» զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, զեկույցում Հայաստանը դասվել է այն երկրների շարքին, որոնք 2018 թվականին զգալի առաջընթացն են արձանագրել ժողովրդավարության առումով:

Զեկույցում նշվում է, որ նախորդ տարի Հայաստանում բազմաթիվ քաղաքացիներ դուրս էին եկել փողոց այդ ժամանակվա իշխանությունների դեմ բողոքի ցույցերով: Նշվում է, որ շարունակվող բողոքի ցույցերը հանգեցրեցին խորհրդարանի կողմից վարչապետ ընտրված  Սերժ Սարգսյանի հրաժարականին, ինչի արդյունքում շարժումը գլխավորող Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ: «Ամիսներ անց, երբ դեկտեմբերին անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ տարավ: Խորհրդարանական մեծամասնությունը խոստացել է աջակցել կոռուպցիայի դեմ պայքարին, թափանցիկ աշխատելաոճին, հաշվետվողականությանը»,- ասված է զեկույցում:  

2018 թվականին ժողովրդավարության առումով առաջընթաց գրանցած երկրներից են նաև Անգոլան, Էկվադորը, Եթովպիան, Մալայզիան: Դիտարկված 195 երկրների թվում ազատության առումով ամենաբարձր գնահատականը ստացել են Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան, ամենաանազատներն են Սիրիան, Հարավային Սուդանը, Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել