Թուրքերը կարծես շատ ծանր են տարել այն փաստը, որ Հռոմի նոր Պապը Թուրքիայի ամոթալի անցյալը կոծկելու փոխարեն կանգնել է հայերի կողքին ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Օրեր առաջ դարասկզբին իրականացված հայերի ջարդերի թեմայով Պապի օգտագործած՝ «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» ձևակերպումը իրար է խառնել ողջ Թուրքիան, որից հետո թուրքական ԱԳՆ-ն հիասթափությունն է հայտնել, թե՛ Անկարայում Սուրբ Աթոռի դեսպանությանը, թե՛ Վատիկանին` Հռոմում:
Իրադարձություններին ուշի-ուշով հետևում է եվրոպական մամուլը, և Իտալական «LIBERO» պարբերականը անգամ հարցազրույց է վերցնել Սուրբ Աթոռում Հայաստանի նորանշանակ դեսպան Միքայել Մինասյանից:
«Ֆրանցիսկոս Պապը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց մեր ժողովրդի պատմության հանդեպ և վերահաստատեց իր հարգանքն ու ուշադրությունը: Մեր որդեգրած ճանապարհը ժողովրդավարական արժեքների ուղին է, որի հիմքում ընկած են մեր ժողովրդի քրիստոնեական արժեքները, ըստ այդմ՝ բնական է, որ մեր ու Սուրբ Աթոռի միջև կապերն ամուր են: Ի դեպ, հայերն առաջինն են ընդունել քրիտոնեությունը»,-պարբերականի հետ զրույցում նշել է դեսպանը:
Անշուշտ, խնդրի շուրջ Պապի նման հետաքրքրվածությունը և եվրոպական մամուլի նման ուշադրությունը բավական ոգևորիչ են ու հույս են ներշնչում, որ աշխարհի առաջին դեմքերի շուրթերից ցեղասպանություն բառի պարբերաբար հնչեցումն ու պրոպագանդումը թուրքերի կողմից ցեղասպանության ճանաչումը կդարձնեն օրվա հրամայական: