Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունները, իհարկե, հասարակական լայն արձագանքի արժանացան, սակայն իրադարձություններին հաջորդող մեկնաբանությունների գերակշիռ մասը ՞Լիցկա քըխ՞ ոլորտից են: Այս դեպքերը շատ ավելին են, քան մարզպետի մերձավորների կողմից կատարված սպանությունը, ի վերջո տեղի է ունեցել փոխհրաձգություն, որտեղ կարող էին զոհվել նաև մարզպետի շրջապատի ներկայացուցիչները: Մենք, իհարկե, չգիտենք փոխհրաձգության դրդապատճառների մասին, ուստի չենք կարող օբյեկտիվ դատել այս կամ այն կողմի մեղավորության աստիճանի մասին: Եթե անգամ, ունեցած փաստերի հիման վրա, հանգում ենք նմանատիպ եզրակացությունների՝ որևէ մեկին անմեղ կամ մեղավոր հռչակելով, դառնում ենք ներկլանային իրադարձությունների սոսկական մեկնաբաններ:
Բանն այն է, որ տեղի ունեցած իրադարձությունները շատ ավելի խորքային են և առնչվում են երկրի կենսագործունեությանն խաթարմանն ընդհանրապես: Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարդիկ, անկախ նրանից՝ մարզպետ են, թե հրամանատար, իրենց իրավունք են վերապահում ներքին տարաձայնությունները լուծել սեփական, չգրված օրենքներով: Նրանք թքած ունեն, թե քաղաքացիաիրավական ակտերը ինչպիսի լուծումներ են պարունակում նմանատիպ երևույթները կանխելու համար, նրանց օրենքները ամփոփված են փամփուշտի մեջ: Մամուլը, տուրք տալով հասարակական որոշակի շրջանակների լրատվական ճաշակին, ամերիկյան մարտաֆիլմերի, ավելի դաժան ասեմ՝ հայկական սերիալների ոճով հրապարակ է նետում նորանոր արյունահոտ սերիաներ՝ վենդետա, արյունռուշտ 70 տղաներ և այլն: Մինչդեռ լրատվամիջոցների և ընդհանրապես ամբողջ հասարակության մտահոգությունը պետք է լինի այն, որ ցանկացած հանցագործություն, այդ թվում մարզպետի տան մոտ կատարվածը, պատժվի բացառապես օրենքի շրջանակներում: Իսկ իշխանությունները պետք է հասկանան, որ երկրում հարկավոր է մթնոլորտի փոփոխություն, որպեսզի մարդիկ ապրեն ոչ թե իրենց՝ սեփական Հայաստանում, այլ այն Հայաստանում, որի մասին մեր երազանքը ամփոփված է ՀՀ սահմանադրության մեջ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varuzhan.babajanyan/posts/569174329793933?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել