Մայիսի 6-ի ընտրությունների քարոզարշավի մեկնարկից մեկ շաբաթ անց, «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի քարոզչական նյութերի բաժանման առաջին օրերը, կարծես թե, վարչախմբին ցնցումների մեջ է գցում։ Ապրիլի 15-ին կոպտորեն խոչընդոտվել են «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի 7-րդ ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա) առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչական նյութերի տարածումը։ Դա արել է ՀՀԿ-ի կողմից պաշտպանվող թեկնածու, հայտնի օլիգարխ Սամվել Ալաքսանյանի ուղարկած սադրիչ խումբը։ Նրանք հանդես են եկել, իբր, որպես տվյալ տարածքի բնակիչներ, բակից-բակ հետեւեւել քարոզչական նյութեր բաժանողներին և պահանջել հեռանալ «իրենց տարածքից»։ Հրոսակային այս խումբը հարձակվել է քարոզչություն իրականացնող խմբի վրա, ինչի հետեւանքով մարմնական վնասվածք է ստացել «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Բաբկեն Գարոյանը: Բռնության են ենթարկվել նաև պատգամավորության թեկնածուներ Գայանե Առուստամյանը և Զոյա Թադևոսյանը:
Սա, թերևս, Սամվել Ալեքսանյանի պատասխանն է Հայ ազգային Կոնգրեսի թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակային բանավեճի առաջարկին' դրանով հավաստելով բանական բանավեճի համար իր անկարողությունը և ապավինելով բացառապես իր կողմից հովանավորվող և իր էությանը հոգեհարազատ քրեական էլեմենտներին։
Հայ Ազգային Կոնգրեսը չի նահանջելու իր' իշխանությունը, քաղաքական համակարգն ու պետական ինստիտուտները զավթած կրիմինալից ազատվելու նպատակից ու շարունակելու է իր նախընտրական քարոզչությունը՝ անկախ ամեն տեսակի խոչընդոտների: Կոնգրեսը պահանջում է, որպեսզի ոստիկանությունը բացահայտի և պատասխանատվության կանչի ապօրինություններ կատարողներին։ Կատարված ապօրինությունը միաժամանակ նշանակում է, թե վարչախմբի պարագլուխ Սերժ Սարգսյանի բազմիցս տված խոստումները' օրինական ընտրություններ անցկացնելու մասին, գրոշի արժեք չունեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: