«168 ժամն» անդրադարձել էր «Նաիրիտի» համակարգող խմբի ահազանգին, ըստ որի՝ շուրջ 10 օր է՝ գործարանում են գտնվում Չինաստանի ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են բութադիենային տեխնոլոգիայի ձեռքբերմամբ:

Խնդիրն այն է, որ այդ տեխնոլոգիան գաղտնի է, և աշխարհում հաշված երկրներ են տիրապետում դրան, այդ թվում՝ Հայաստանը: Իսկ գործարանի սնանկության կառավարիչն ու նախ­կին տնօրենը չինացիների այցը ՀՀ կառավարությունից գաղտնի են պահում, նրանց մուտքը գործարանի տարածք չեն համաձայնեցրել ԱԱԾ-ի հետ, մինչդեռ ամիսներ առաջ կառավարության հետ համաձայնեցված աուդիտ իրականացնելու համար մասնագիտական խմբի մուտքը տևական ժամանակ խոչընդոտում էին:

Պարզվում է՝ մեր հրապարակումից հետո ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը քայ­լեր է ձեռնարկել փաստերը ճշտելու համար. գրասենյակի ղեկավար, հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի հայկական կող­մի անդամ Վարագ Սիսեռյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ իրենք տեղյակ չեն եղել չինացիների մասին:

«Մենք ընդհանրապես նախապես տեղյակ չէ­ինք: Այժմ համապատասխան մարմիններից տեղեկություններ ենք սպասում, ըստ այդմ կզբաղվենք այդ խնդրով: Եթե այդպիսի բան կա, չեմ կարող ասել մոտիվացիան, նպատակն ինչ է, բայց ամեն դեպքում ինչ-որ բան այն չէ: Ամեն դեպքում կա հարց, և այդ հարցը տրվել է, մենք զբաղվում ենք, եթե համոզվենք, որ նման բան եղել է, հստակ զբաղվելու ենք ու հասկանան ինչ է կատարվում»,- ասել է Վ. Սիսեռյանը՝ հավելելով, որ հակաօրինական գործողությունները կկանխվեն, և մեղավորները պատաս­խանատվության կենթարկվեն:

Հարցին, եթե կան «Նաիրիտի» վերագործարկմամբ հե­տաքրքրված ներդրողներ, ինչո՞ւ կառավարությունը չի կասեցնում գործարանում սնանկացման գործընթացը մինչև որոշում կայացվի, Վ.Սիսեռյանը պատասխանել է, որ կառավարությունն օրենքով իրավունք չունի խառնվելու, դա դատարանի որոշման հարց է:

Դիտարկմանը, թե կառավարությունն ինքը կարող է դիմել դատարան, Վ.Սիսեռյանը նշել է, որ պետք է հնարավորինս շուտ հստակեցնել ներդրողների հարցը. «Եթե ներդրողները ռեալ են, ապա ինչքան շուտ սկսեն աշխատել, այնքան լավ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել