Մեր օրերում տեղի ունեցող «հիբրիդային» պատերազմում պետք է կարողանալ հասարակության ներուժը հզորացնել, ինչպես նաև մեր սեփական մոտեցումները աշխարհին ներկայացնել ճիշտ ձևով:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի նախագահ Թևան Պողոսյանը՝ նշելով, որ քանի դեռ պատերազմը չի ավարտվել, հայ ժողովուրդը պետք է կարողանա անելիքները ճիշտ ընկալել և ծրագրավորել:
«Տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները պարբերաբար այցելում և պետք է այցելեն Արցախ՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին ու մարտահրավերներին՝ նպաստելով Արցախի զարգացմանն ու հզորացմանը: ՀՀ քաղաքական դաշտի ներկայիս երիտասարդ գործիչներն իրենց ունեցած գիտելիքներով, ունակություններով որևէ ձևով չեն զիջում այլոց: Խնդիրն այն է, որ բոլորս ունենք բացեր, և պետք է դրանք հնարավորինս կարճ ժամանակում լուծենք: Ուրախ կլինեմ, որ այսօրվա քաղաքական դաշտի երիտասարդ ներկայացուցիչները ևս պարբերաբար այցելեն Արցախ և տեղում ծանոթանան իրավիճակին:Բայց Արցախի որևէ պատմամշակութային վայրում լուսանկարվելը, դեռևս չի նշանակում ճանաչել Արցախը: Հատկապես, հիմնախնդրին ծանոթ լինելու համար անհրաժեշտ է նախ ուսումնասիրել Արցախի պատմությունը, ունենալ հավաստի տեղեկություն, հանդիպել տեղի քաղաքական գործիչների հետ, լինել գյուղերում, զորամասերում, շփվել հասարակության հետ՝ ծանոթանալ նրանց հուզող հարցերին, խնդիրներին ու հաջողություններին: Այս ամենն անելուց հետո կարելի է վստահ խոսել Արցախյան հիմնախնդրի մասին և այս ուղղությամբ նախանշել հետագա անելիքները»,- մասնավորապես ասել է Թ. Պողոսյանը:
Մեր զրուցակիցը նշել է նաև, որ արցախյան հիմնահարցը սերունդների խնդիր է:
«Այս խնդրի վերաբերյալ ցանկացած լուծում, որը միտված կլինի խաղաղ կյանք ունենալուն, պետք է քննարկվի ողջ հայության կողմից, հապճեպ որոշումներ կայացնել հնարավոր չէ: Արցախյան հիմնախնդրի շուրջ մենք պետք է միշտ գործենք միասնական»,- նշել է Թ. Պողոսյանը:
Նյութի աղբյուր՝ https://artsakhpress.am/arm/news/100528/arcakhi-harcum--haptchep--oroshumner--kayacnel--hnaravor-che-tevan--poxosyan.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել