Եկեղեցու պատմությունը դասաժամերից հանելու հարց չի քննարկվել, այդ հարցը շահարկող հոգևոր հովիվը ստում է: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ես կարևորում եմ բոլոր հայագիտական առարկաները, պարզապես բոլոր հայագիտական և մնացած առարկաները վերանայվելու են, և մինչև 2023 թվականն ունենալու ենք լրիվ նոր առարկայացանկ»,- ասաց նա:

Արայիկ Հարությունյանը մանրամասներ ներկայացրեց Արարատի մարզի դպրոցներից մեկում հոգևոր հովվի հետ տեղի ունեցած միջադեպի մասին:

«Այդ քահանան ընդհանրապես այնտեղ չի եղել: Այդ գյուղում կա տեր Դավիթ, և երբ ես այցելել եմ այդ դպրոց, այդ ընթացքում հոգևորականն է այնտեղ եկել: Ես տնօրենին հարցրել եմ՝ հոգևորականը դպրոցում ի՞նչ գործառույթ ունի: Տնօրենն ասել է՝ դասղեկական ժամերին նրան սովորաբար հրավիրել են: Խոսակցությունը եղել է դասղեկական ժամերին նրա ներկայության հետ կապված, ինչը մեծ խնդիր է: Դասղեկական ժամերը նախատեսված են կազմակերպչական ծրագիր իրականացնելու համար, ոչ թե հոգևոր քարոզի»,- նշեց նախարարը:

Այն մասին, թե քահանաները սպասում են, որ տեղի ունեցած դեպքից հետո նախարարը պետք է իրենցից ներողությունը խնդրի, Արայիկ Հարությունյանը նշեց.

«Ես սպասում եմ, որ ընդհանրապես այդ միջադեպի հետ կապ չունեցող քահանաները պետք է ներողություն խնդրեն»:

Անդրադառնալով հարցին, թե  ընդունո՞ւմ է, որ նախորդ իշխանությունների քաղաքականության հետևանքով է եկեղեցին մտել դպրոց ու բանակ, Արայիկ Հարությունյանն ասաց, որ ՀՀ-ում նախորդ իշխանության թողտվությամբ, և որոշ առումով իրենց շահերից է բխում, որ որոշ խմբեր չհարգեն ՀՀ սահմանադրությունը և օրենքները: «ՀՀ-ում բոլորը պետք է հարգեն Սահմանադրությունն ու օրենքները»,- հավելեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել