Yerkir.am-ը գրում է.

Բոլթոնի սոցցանցային գրառումը, թե Ադրբեջանի նախագահի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին ԱՄՆ-ի աջակցությունը, հերթական անգամ խոսում է այն փաստի մասին, որ Վաշինգտոնն ակտիվացնում է հակամարտության բանակցությունների ապասառեցումը. yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Պատասխանելով հարցին, թե Բոլթոն-Ալիև հեռախոսազրույցը ենթադրո՞ւմ է, որ հակամարտության կողմերի միջև արդեն կան որոշակի նախնական պայմանավորվածություններ, որոնց մասին հայկական կողմը գոնե այս փուլում խուսափում է բարձրաձայնել, նա նշեց, որ համոզված է` երկու սկզբունքային մոտեցում հայկական կողմը կշարունակի գերակայությամբ շեշտել։ «Առաջինը՝ վերարծարծել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները` շփման գծի երկայնքը գերհագեցած տեխնոլոգիայով կահավորելու։  Եվ ԱՄՆ-ի աջակցությունը կլինի Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կիրառելը: Երկրորդը՝ պաշտոնական Ստեփանակերտի` բանակցային գործընթաց վերադարձի պայմանը։ ԱՄՆ-ը միջնորդական առաքելություն է իրականացնում Արցախյան հակամարտության բանակցային ձևաչափում։ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն ունեն համանախագահների երաշխավորությունը, այդ թվում ` ամերիկացի համանախագահի։  Հիմա` ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերի գլխավոր խորհրդականը համահունչ հետևողականություն պետք է դրսևորի պաշտոնական Վաշինգտոնի ներկայացուցչի երաշխավորությամբ կայացած պայմանավորվածությունների հարցում և հանդես գա` Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կիրառման անհրաժեշտությունն ընդգծելով։ Ներկա փուլում, դա կլինի ԱՄՆ-ի աջակցությունը հարցի խաղաղ կարգավորման գործընթացին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել