168.am-ը գրում է.

Ավստրիայի ֆեդերալ կանցլեր Սեբաստիան Կուրցն այն կարծիքին է, որ Ֆրանսիայի «դեղին բաճկոնավորների» օրինակով բողոքի շարժում կարող է սկսվել Եվրոպայի այլ երկրներում, բայց ոչ Ավստրիայում: Նա այդ կարծիքը հայտնել է հունվարի 30-ին CNews հեռուստաալիքի եթերում:

«Եվրոպայի մյուս երկրներում հնարավոր է… բայց Ավստրիայում, հավանաբար՝ ոչ»,- հայտարարել է նա՝ պատասխանելով եվրոպական այլ երկրներում բողոքների ի հայտ գալու հնարավորության վերաբերյալ հարցին: «Ես մերժում եմ ամեն տեսակ բռնություն,- ընդգծել է նա:- Ավստրիայում մենք գտնում ենք, որ «դեղին բաճկոնավորների» բողոքները դաժան բնույթ են կրում: Մենք ազատ երկիր ենք: Մեզ մոտ էլ շատ են ցույցեր անցկացվում, ինչը վատ չէ քաղաքական մշակույթի համար, բայց դրանք միշտ խաղաղ են, առանց բռնության»:

«Դեղին բաճկոնավորների» շարժումը Ֆրանսիայում սկիզբ է առել նոյեմբերի կեսին՝ ի նշան գների ու հարկերի աճի դեմ բողոքի: Հետագայում ցուցարարների պահանջներն ուղղվեցին պետական իշխանության ինստիտուտների դեմ, որոնց նրանք մեղադրում են երկիրն անարդյունավետ կառավարելու եւ աղքատության դեմ պայքարում բավարար միջոցներ չձեռնարկելու մեջ:

Երկրում արդեն անցկացվել են բողոքի տասը համազգային օրեր, որոնք բազմաթիվ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, ուղեկցվել են իրավակարգի ուժերի դեմ ցուցարարների ընդհարումներով, հրկիզումներով, խանութների կողոպտմամբ: Հունվարի 19-ին տեղի ունեցած վերջին ակցիայի ընթացքում ֆրանսիական ոստիկանությունը բերման է ենթարկել գրեթե 300 մարդու, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել