Ինձ թվում է շուտով հարկ է սպասել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությանը: Բացի այն, որ նրա անունը արդեն մեկ շաբաթ է շրջանառվում է օֆշորային սկանդալի գործով, ու թեման կապվում է նաև Հայ առաքելական եկեղեցու հետ, կա նաև մեկ այլ ասպեկտ: Եվ դա Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի ստորագրման հույսերի հնարավոր խափանման հարցում Տիգրան Սարգսյանի գործունեությունն է: Գաղտնիք չէ, որ Մինսկում` ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Հանդիպման ավարտին Տ.Սարգսյանը հայտարարել է. «Մեր դիրքորոշումը հստակ է, այստեղ ոչ մի կասկած չկա, եւ մեր նախագահները նույնպես քննարկել են այդ թեման: Հիմա արդեն հարկավոր է ամեն ինչ որոշել տեխնիկական մակարդակով, թե ինչ քայլերով, ինչ տեմպերով է պետք առաջ գնալ: Ես քիչ առաջ Խրիստենկոյի հետ հանդիպեցի: Մենք նրա հետ քննարկեցինք նաեւ հուշագրի հարցը, որ անհրաժեշտ է շտապ այդ հուշագիրը պատրաստել, համաձայնեցնել նախագահների հետ ու ստորագրել: Եվ, իհարկե, աշխատանքը, որը մենք անցկացրեցինք մեր վերջին հանդիպումից հետո, տնտեսական զարգացման նախարարության հետ շատ կարեւոր եւ հետաքրքիր բանակցություններ էին մեզ համար: Մենք ստորագրել ենք 2 արձանագրություն, սահմանել հարցերի շրջանակը, առաջխաղացման քայլերի ցանկը»: Հետարքրքրական է նաև, որ այս հայտարարությունից մի քանի օր անց, նույն համատեքստում, Հայաստանում թանկանում է ռուսական գազի սակագինը: Այժմ հարց է ծագում, նախքան ընտրություններն ինչու՞ նման հայտատարություններ չէին արվում, և անգամ հակառակը, նույն Տ.Սարգսյանը պնդում էր, որ մաքսային միությանն անդամակցելը Հայաստանի շահերից չի բխում: Ուրեմն տղեք, դուք մանր ժուլիկի պես եք ձեզ պահում, բավականին խոշոր հարցերում, ու ուզում եք «ֆռացնել» Եվրամիությանը, որն աչք փակեց ձեր վերարտադրության երեք փուլերի ընթացքում կատարած կոպտագույն ընտրախախտումների վրա, երեք ընտրությունների միջոցով դուք միանձնյա իշխանություն դարձաք, հիմա գցելու ժամանակն է, հա՞: Չեմ կարծում, որ Եվրոպան էլ քնած է, առաջիկայում սպասվում է Տիգրան Սարգսյանի և Եվրամիության ներկայացուցիչների միջև բավականին կոշտ քննարկում: Կարծում եմ՝ ՀՀ վարչապետ հորջորջվող սկանդալային կերպարը տեղում չի մնա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել