Armenpress.am-ը գրում է.

ՀՀ արդարադատության նախարարության նախագիծըհամաձայն որի՝ մինչև 12 տարեկան երեխաներին ավտոմեքենայով տեղափոխելիս«քարսիթի» օգտագործումը պարտադիր է «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը թերի և անվերահսկելի է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Պեդանյանն ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ

«Իրականում շատերը լավ տեղյակ չեն ամբողջական նախագծից և լայն հնչեղություն են ստացել այն հրապարակումները, որտեղ ասվում է, որ մինչև 12 տարեկան երեխաներին ավտոմեքենայով տեղափոխելիս «քարսիթի» օգտագործումը պարտադիր է: Օրինագիծը շատ ավելի լայն է, քան հանրային քննարկումներ առաջացրած «քարսիթի» գաղափարը։ Նախագծում հստակ գրված է՝ մինչև 7 տարեկան երեխաների ամրակապումը հատուկ անվտանգության միջոցներով պարտադիր է, իսկ 7-12 տարեկանների դեպքում պարտադիր է՝ կախված հասակից, քաշից»,- նշեց Պեդանյանը և հավելեց, որ 12 տարեկան երեխաների համար «քարսիթի» օգտագործումը սահմանված չի բոլոր դեպքերում, այլ՝ երբ երեխային նստեցնում են մեքենայի առջևի նստատեղին՝ վարորդի կողքին:

Անդրադառնալով նախագծի ֆինանսական կողմին՝ նա նշեց, որ ճիշտ կլիներ, եթե պետությունը որևէ կերպ սուբսիդավորեր կամ վճարվող մաքսատուրքերի գումարի մի մասը հատկացվեր «քարսիթ» ձեռք բերելու համար:

«Մի խնդիր կա, որ այս օրենքը հնարավոր չէ վերահսկել: Հայաստանում ավտոմեքենաների հետևի ապակիները թույլատրվում է մգեցնել, հետևաբար ճանապարհային ոստիկանը չի կարող տեսնել՝ արդյոք այդ մեքենայում երեխա կա, թե ոչ և նա հատուկ անվտանգության միջոցներով ամրակապված է, թե ոչ»,- ընդգծեց «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիրը և հավելեց, որ Հայաստանում լավ որակի «քարսիթերն» արժեն մոտ 40 հազար ՀՀ դրամ:

Երթուղային տաքսիներում, ավտոբուսներում երեխաների՝ ծնողների գրկում նստելը Դավիթ Պեդանյանը նույնպես մեծ խնդիր է համարում: «Հասարակական տրանսպորտը Հայաստանում առհասարակ առանձին թեմա է: Արտոնագրման ժամանակ տաքսիների համար նույնպես պարտադիր չէ, որ դրանք պատշաճ կարգով ապահովեն երեխաների ու հաշմանդամների տեղափոխումը։ Հաշմանդամների համար ընդհանրապես չկա։ Օրենքը պետք է տարածվի բոլոր տրասնպորտային միջոցների վրա»,- ասաց մասնագետը:

ՀԿ-ի համահիմնադիրն ընդգծեց, որ իրենք պատրաստվում են ակցիա իրականացնել, որպեսզի այն մարդիկ, ովքեր արդեն չեն օգտագործում իրենց երեխաների համար գնած «քարսիթերը»,նվիրեն իրենց, իրենք էլ տրամադրեն այն անձանց, ովքեր հնարավորություն չունեն գնելու:

ՀՀ արդարադատության նախարարությունը e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրել իր ավելի վաղ ընդունված որոշումներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծորը վերաբերում է ճանապարհային երթևեկության անվտանգությանը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունումը պայմանավորված է ճանապարհային երթևեկության գործող կանոնները, ճանապարհային նշանները եւ ճանապարհային գծանշումներն արդի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Գործող կարգավորումներով մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման համար սահմանված են միանման կանոններ, փաստորեն 1 տարեկան և 11 տարեկան երեխաների փոխադրման կարգը սահմանված է նույն կանոնով:

Այժմ առաջարկվում է մինչեւ 7 և 7-12 տարեկան երեխաների փոխադրման համար, տարիքային առանձնահատկությամբ պայմանավորված, սահմանել առանձին պահանջներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել