Առաջարկում ենք «ճամփորդել» և նոր բացահայտումներ կատարել այնպիսի կարևոր և միաժամանակ արտասովոր ժամանակաշրջանով, որը Մեծ Բրիտանիային բազում ավանդույթներ ու հիշողություններ է պարգևել՝ շնորհիվ թագուհի Վիկտորիայի:

Նոր տեխնոլոգիաներ, հին բարոյանորմեր

«Զուսպ թագուհու» կառավարման շրջանում հասարակությունը մի ծայրահեղությունից մյուսն էր անցնում: Նոր թափով զարգանում էր մտածողությունը, որն աշխարհին տալիս էր ամենախիզախ և նորարարական գաղափարները:

Միաժամանակ հասարակական նորմերը խստացել էին, ինչպես երբեք, ձևավորվել էր հստակ կարգավորում, թե ինչպիսին պիտի լինի իրական ջենթլմենը, ինչպես նաև մշակվել էր պատվի օրենսգիրք: Այն երեք հիմնական բնագավառները, որոնցում հատկապես վառ կերպով արտացոլվում էր այդ դարաշրջանի ծայրահեղականությունը, գիտությունը, մահվան նկատմամբ և սեփական մարմնի նկատմամբ վերաբերմունքն էր:

Վախ՝ գյուտերից

Գիտությունն ու գյուտարարությունը գրավել էին Վիկտորիանական ժամանակաշրջանի մարդկանց. գիտնականները, օրինակ, հատուկ ակնոցներ էին ստեղծել, որպեսզի հեշտացնեն կարճատեսություն ունեցող ձիերի կյանքը, բժշկության մեջ ակտիվորեն ներդրել էին անեսթեզիան, թեստավորում էին առաջին մթնոլորտային գնացքները, հատուկ բաժակներ էին ստեղծել, որոնք նախատեսված էին բեղեր ունեցող ջենթլմենների համար: Միևնույն ժամանակ բժիշկները, որոնք կաղապարված էին խիստ բարոյանորմերով, ախտորոշում էին իրականացնում միայն նկարների հիման վրա՝ չդիպչելով հիվանդներին ու չզննելով նրանց:

Գիտական գրեթե բոլոր հայտնագործությունները միանգամից սկսում էին կիրառվել: Այն ժամանակ առաջնահերթ էր այն ամենը, ինչը կապված էր էլեկտրականության և մագնիսների հետ: Փորձելով լուծել մի շարք խնդիրներ՝ սկսած մկանային կծկումներից, լյարդի հիվանդություններից մինչև հայտնի տարածում ունեցող կանացի հիվանդություն՝ հիստերիա, մարդիկ դիմում էին էլեկտրական հոսանքի ուժին՝ մարմնի վրա այրվածքների հետքեր թողնելով, սակայն արդյունք չստանալով: Իսկ մագնիսները «կոչված էին» լուծելու մազերի աճի խնդիրը, հանգստացնելու ցավերը և անգամ բարելավելու մարսողությունը:

Սեր և ատելություն մարմնի նկատմամբ

Առավել հետաքրքիր էին վիկտորիանականների փորձարկումները սեփական մարմինների վրա: Նրանք «աստվածացնում» էին արիստոկրատական դժգունությունը, քննադատում էին արևայրուքը՝ համարելով այն աշխատավոր դասի արտաքին հատկանիշ, և կարծում էին, որ դիմահարարում միայն անպիսի աղջիկներն էին անում, որոնք վարքագծի հետ կապված խնդիրներ ունեին:

Այն բանից հետո, երբ Վիկտորյա թագուհու որդին դաջվածք արեց իր՝ 1862 թ. Երուսաղեմ ուղևորության ընթացքում, այս արվեստի նկատմամբ սերը ծովագնացներից և հանցագործություններից փոխանցվեց մյուս լոնդոնցիներին: Կանայք նաև հրապուրված էին կրծքի փիրսինգով:

Այդ ժամանակ Եվրոպայում հայտնվեցին ավելի քան երկու հարյուր սպորտային կենտրոններ, և սկսեցին թերթեր հրատարակվել, որտեղ գրված էր լինում այն վարժությունների մասին, որոնք օգնում են առողջ հոգում առողջ մարմին ունենալուն: Դիետաները սկսեցին նորաձև դառնալ. երիտասարդ շատ աղջիկների խորհուրդ էր տրվում, բացի օդից, ուրիշ ոչինչ չուտել: Այսպես՝ Մոլի Ֆենչեր անունով մի աղջիկ հայտնի դարձավ նրանով, որ 14 տարի շարունակ ոչ մի պատառ սնունդ չէր օգտագործել: Զարմանալի է:

Գեղեցիկ ու բարակ իրան ունենալու նպատակով կանայք կրում էին մետաղական կորսետներ, որոնք խոչընդոտում էին արյան պատշաճ շրջանառությանը և վնասում էին ներքին օրգաններին: Երիտասարդ աղջիկներն անգամ որդերով հաբեր էին ընդունում, որպեսզի դրանք հայտնվեն նրանց ստամոքսում և թույլ չտան նրանց գիրանալ:

Եթե արիստոկրատները, որոնք հասանելիություն ունեին հասարակական բաղնիքներին, լողանում էին ամսվա ընթացքում առավելագույնը երկու անգամ, ապա հասարակ ժողովրդի և թշվառականների համար այս թիվը չափազանց ճոխ կարելի էր համարել. նրանք լողանում էին տարվա մեջ մեկ-երկու անգամ: Ի դեպ, Թեմզայի ջուրն այդ ժամանակաշրջանում չափազանց անորակ էր, և մարդիկ նախընտրում էին խմել առողջության համար առավել անվտանգ ըմպելիք՝ գարեջուր:

Շրթներկն ու կարմրաներկը համարվում էին միայն մարմնավաճառների և անգամ կախարդների համար նախատեսված պարագաներ, այդ իսկ պատճառով պարկեշտ կանայք կոսմետիկա չէին օգտագործում: Իսկ որպեսզի մաշկը մնար հարթ, ու չառաջանային կնճիռներ, կանայք գիշերային դիմակներ էին պատրաստում թարմ մսի կտորներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել