Վերջին շրջանում իշխանական օղակներում ակտիվացել են քննարկումներն այն մասին, որ պետք է ապատեղեկատվության դեմ պայքարել:
Նախ՝ ոչ մի զարգացած երկրում ոչ մի ադեկվատ իշխանություն որևէ կոշտ քայլ չի ձեռնարկում, այսպես ասած, ապատեղեկատվության դեմ պայքարի համար, ինչի արդյունքում կարող է հանկարծ վնասվել ազատ խոսքը կամ ազատ մամուլը:
Հանրությունն ինքն է ընտրում այն ԶԼՄ-ներին, բլոգերներին, ինֆորմացիայի աղբյուրներին, ում վստահում է և հետևում նրանց: Տարբեր կարծիքների՝ ճիշտ, մասամբ ճիշտ, ենթադրություն և այլն․ այս ամենի համադրման հիման վրա էլ ստեղծվում է դեպքերի իրական պատկերը, այլ ոչ թե Օրուելի «1984»-ի մոտիվներով Մեծ եղբայր է կարգվում ինչ-որ մեկը, ում յուրաքանչյուր արտասանած բառ համարվում է դոգմա, հետևապես միայն դիկտատորական կառավարման համակարգ ունեցող երկրներում է, երբ մարդկանց ուղղորդում են, թե ինչ կարդալ, ինչ չկարդալ։ Ժողովրդավարական երկրներում որևէ մեկն իրավունք չունի այս կամ այն ԶԼՄ-ին պիտակավորելու, չկարդալու կոչեր հնչեցնելու։ Սա ուղղակի կդիտարկվի որպես ազատ խոսքի նկատմամբ ճնշում, և տվյալ անձը կենթարկվի խիստ պատասխանատվության:
Սակայն Հայաստանում լրագրողների իրավունքներն իրականում ոտնահարած մարդիկ երբեք չեն պատժվել։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Թվում է, թե տարիներ շարունակ Հայաստանում գործում էին բազմաթիվ կազմակերպություններ, որոնց առաքելությունը հենց ԶԼՄ-ներին և լրագրողներին պաշտպանելն էր, բայց տարօրինակ զուգատիպությամբ այդ բոլոր կազմակերպությունները և նրանց կողմից պաշտպանվող բոլոր ԶԼՄ-ներն ու լրագրողները ֆինասնավորվում էին նույն տեղից՝ Սորոսի հիմնադրամից: Արդյունքում ստացվում էր վիճակ, երբ փաստացի զոհի, ոտնահարված իրավունքներով լրագրողի կերպարում հայտնվում էին միայն այս նույն հիմնադրամից ֆինանսավորվողները, իսկ իրապես անաչառ և ազատ ԶԼՄ-ն ու լրագրողն այդպես էլ մնում էին անպաշտպան:
Անաչառ և օբյեկտիվ լրագրողի կերպար կերտում էին միայն Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող անձերը, ինչում նրանց օգնում էին էլի Սորոսից ֆինանսավորվող կազմակերպությունները:
Սորոսյան ԶԼՄ-ների ու լրագրողների այս ցանցն այնքան աճեց այս տարիների ընթացքում, որ այժմ, կարելի է ասել, հավասարեցվում է պետական ԶԼՄ-ի աստիճանին: Այս պայմաններում տեսնում ենք, որ պարբերաբար սոցցանցերում կոչ են անում չկարդալ, չհետևել կոնկրետ ԶԼՄ-ների:
Այս «Չի կարելի» ԶԼՄ-ների ցուցակում, նույնպես տարօրինակ զուգադիպությամբ, չենք հանդիպի ոչ մի անգամ մի ԶԼՄ-ի, որը Սորոսի հիմնադրամից է ֆինանսավորվում կամ ֆինանսավորվել: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ...
Ինչո՞ւ է Սորոսն իր առջև նպատակ դրել վերացնել Հայաստանում այն ամենն, ինչն իր վերահսկողության տիրույթում չէ:
Եթե ուսումնասիրություն սկսենք, գուցե փաստվի, որ ապատեղեկատվության հիմնական մասը սոցցանցեր է նետվում և տարածվում հենց Սորոսից ֆինանսավորվող ԶԼՄ-ների կողմից, սակայն իբր ապատեղեկատվությամբ մտահոգվածներից ոչ ոք այդ մասին չի խոսում, հետևաբար եթե իշխանությունն իրոք ցանկանում է ապատեղեկատվության դեմ պայքարել, ապա կարծում եմ՝ պետք է առաջինը Սորոսի հիմնադրամի գործունեությունը, նպատակների, տարածած տեղեկատվության իրականությանը համապատասխան լինելն ուսումնասիրի, ինչից հետո գուցե պարզվի, որ Հայաստանում համար մեկ, այն էլ՝ պետական մակարդակով ապատեղեկատվություն տարածողը հենց Սորոսի հիմնադրամն է՝ իր ԶԼՄ-ների, լրագրողների, ՀԿ-ների բավականին խոշոր ցանցով հանդերձ:
Սակայն ամենակարևոր հարցն այս ամենում այն է, թե ի՞նչ նպատակների իրագործման համար է Սորոսի հիմնադրամը ստեղծել այս ցանցը, ինչից հետո էլ արդեն շատ պարզ կդառնա, թե ինչո՞ւ են նրանց խանգարում ոչ վերահսկելի ԶԼՄ-ները, որոնց դեմ մշտական պայքար է մղվում: