Փաշինյանը խոսեց Տեր-Պետրոսյանի հետ։ Հա, հետո ի՞նչ։ Հարգելի իշխանավորներ և նրանց սատարողներ, ինչի՞ համար եք վիրավորվում դրանից։ Ես չեմ ասում՝ լուրը ճիշտ է կամ սխալ։ Չնայած վստահ եմ, որ սուտ է, քանի որ չեմ հավատում, թե Արցախի հարցի շուրջ քննարկումները Փաշինյանը ոտքի վրա է անելու։ Բայց ընդունենք, որ խոսել է։ Դրա մեջ որևէ վատ բան չկա, հակառակը՝ շատ գովելի է։ Ավելին ասեմ՝ նույն կերպ Փաշինյանը պետք է խորհրդակցեր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։ Նախկինների փորձը, հաջողությունները և ձախողումները միայն կարող են օգնել Փաշինյանին որոշումներ կայացնելիս։
Արցախի և ամբողջ հայ ժողովրդի անվտանգության հարցն ամենակարևորն է, ու անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ անձերի հանդեպ տրամադրվածությունից՝ նախկին և ներկա ղեկավարները պետք է միմյանց օգնած լինեն։
Հարգելի ընդդիմադիրներ, չգիտեմ՝ դուք որ ուժն ենք ներկայացնում ու Փաշինյան - Տեր-Պետրոսյան զրույցն ինչու եք փորձում վատ քողի տակ ներկայացնել, բայց ասեմ՝ իմանաք, որ շատ հավանական է, որ Տեր-Պետրոսյանի փոխարեն Փաշինյանն այդ պահին զրուցեր նույն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ։ Չնայած ես վստահ եմ, որ նման զրույցներն այդպես բոլորի աչքի առաջ չեն կատարվում։
Սերժ Սարգսյանն էլ 2016 թվականի ապրիլից հետո հանդիպեց Տեր-Պետրոսյանին, վստահ եմ՝ զրուցել է նաև Քոչարյանի հետ։ Բա անվտանգության ու մի ամբողջ պետության խնդիր է, որը մեկ անձը չի կարող անել։ Կարծիքներ են հարկավոր, փորձ է հարկավոր, ում հետ ինչ անել կամ չանելու խորհուրդներ են հարկավոր։
Դա Երևան քաղաքի փողոցների ձյուն մաքրել չէ, որ ստատուսներով ու դիմումներով լուծվի։ Եթե որևէ անձ կարող է օգնել Փաշինյանին Արցախի հարցի լուծման գործում, ապա ես կողմ եմ, որ Փաշինյանն օր ու գիշեր խոսի նրա հետ։