Տեղ եք հասել, իջեք:

Իրավական անգրագիտութունը՝ մի կողմ, մտքի թռիչքները կարդանք. «Այս պահին ես պատրաստ չեմ էդ հայտարարությանը, որովհետև, նորից եմ ասում, ինձ համար շատ ավելի կարևոր է իմ գործընկերների հետաքրքրությունների, շահերի և սոլիդարության պահպանումը, քան իմ եկամուտները։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ էն պարգևավճարը, որ ես էստեղ ստացել եմ, անգամներ ավելի ցածր է, քան նախկինում իմ եկամուտներն էին, որից ես հրաժարվել և եկել եմ էստեղ»,- ասաց փոխքաղաքապետը։

Եղբայր, նախ՝ ոչ մեկ չի խնդրել, որ բարձր աշխատավարձով աշխատանքդ թողնես, գաս, քաղաքապետի տեղակալ աշխատես, մի բան էլ ակնարկես, թե դու տուժել ես: Դու չես տուժել, եկել ես՝ տուժած երկրի տուժած մայրաքաղաքի հարցերը լուծես քո բարձրագոչ խոստումներով, ու քո հետ ոչ մի ընտրող պայմանագիր չունի, որ քո կամ գործընկերների կրած վնասներն ես փոխհատուցելու: Հանրային հաշվետվողականության զրո աստիճան, բայց, այ, գործընկերների հետաքրքրությունների, շահերի, սոլիդարության պահպանումը, որը որևէ ՕՐԵՆՔՈՎ սահմանված չէ, գերկայություն չէ օենքով ամրագրված թափանցիկության, հրապարակայնության, հաշվետվողականության պարտադիր սկզբունքների համեմատությամբ: Եթե քուչի տերմինաբանության բերենք՝ կռուգի, թայֆի շահերը գերակա են: Վերջ:

Իբր թե իրավաբանական լիկբեզը, թե «Խնդիրն ուրիշ տեղ է, եթե մենք խոսում ենք աշխատավարձի ֆոնդի վերաբաշխման մասին՝ որպես պարգևատրում, ապա, այո՛, այստեղ 100 տոկոսը չի կարող անցնել։ Եթե մենք խոսում ենք հստակ պլանավորված պարգևատրման ֆոնդի մասին և դրա վերաբաշխման՝ պարգևատրման ֆոնդը կարող էր նախատեսված լինել 500 տոկոսի, և 500 տոկոս էլ բաշխվեր», Գյուլնազ տատի հեքիաթն են: Բառակույտ: Տերմիններ են լցված իրար գլխի, միտումնավոր կամ անգիտությամբ ամեն ինչ խառնշտելով այնպես, թե, այո՛, դուք ճիշտ եք, 100 տոկոսը գերազանցել չի կարող, բայց մենք էլ ենք ճիշտ, ու կարող է գերազանցել: Սերժ Սարգսյանը կհարցներ՝ բա որ դու էլ ես ճիշտ, ես էլ եմ ճիշտ, բա սխալն ո՞վ է: Նույնը վերաբերում է այն հարցին, որ եթե կարողացել եք օրենքի ոգին ոտատակ տալով Արդարադատության նախարարությունից թուղթ բերել, թե պետական բյուջեից կատարված ծախսերը, այդ թվում՝ աշխատավարձերն անձնական տվյալ են ու պաշտպանված են գաղտնիությամբ, ինչո՞ւ չեք մարզպետներին էլ բացատրել, փակ պահեք նաև գնումներն ու գնումներին մասնակցող ընկերությունների, մատուցած ծառայությունների արժեքները, որոնք է կարող եք «կոմերցիոն գաղտնիքի» տակ տեղավորել: Կամ եթե ձեր աշխատավարձերը անձնական տվյալ են, ինչո՞ւ եք եկամուտների հայտարարագրում գրում: Ի՞նչ է նշանակում՝ «այս պահին պատրաստ չեմ հայտարարել եկամուտներս, բայց, այ, մինչև եկամուտների հայտարարագրումը հոգեբանորեն կպատրաստվեմ»։

Եւ վերջինը՝ հիշեցնեմ, որ ձեր քաղաքական թիմից հազարավոր մարդիկ նախկինում սուր քննադատության էին ենթարկում, երբ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք նախագահականի ծախսերը ոչ հրապարակային դարձվեցին: Միգուցե հիմա ի լուր հանրության ու ձեր գործընկերների հայտարարե՞ք, որ զուգարանի թղթի քանակն էլ անձնական տվյալ է, որովհետև մարդ կա՝ կարող է տուալետում մեկ ռուլոնը միանգամից օգտագործել: Ու սա վերին աստիճանի մտահոգիչ է, որ անգամ ՀՀԿ-ական իշխանությունը, որ, որպես կանոն, գոնե բարձրակարգ իրավաբաններ էր վարձում, այսպիսի իրավաբանական ու մասնագիտական տգիտություններ չի բարձրաձանել: Իսկ եթե քաղաքապետարանը հրաժարվի տրամադրել տվյալները, կարծում եմ՝ Երևանի ավագանու ընդդիմությանը և անգամ հանրությանն այլ ճանապարհ չի մնա, քան դատական կարգով պարտադրելը:

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել