Մի երկու խոսք Փաշինյան-Ալիև հանդիպման մասին։ Դե որ չասեք էլի՝ աղմուկ արեց, բայց չանդրադարձավ։ #NKPeace #Artsakh #KarabakhNow
Նիկոլի վերջին լայվը վերաբերում էր այն հարցադրումներին, որոնք ես նշել էի էդ հանդիպմանը վերաբերող ստատուսում, սակայն լայվը ստիպեց, որ կրկին խոսեմ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին։
Ի՞նչ ասաց Նիկոլը։ Փաստացի էն, որ էդ հանդիպման ժամանակ որևէ կարևոր թեմայից չեն խոսել ու որ 1.5 ժամ խոսել են բանակցային գործընթացի պատմական ժամանակագրության և այլ մանրամասների մասին։ Այսինքն՝ այլ կերպ ասած՝ Ալիևը պատմել ա Նիկոլին, թե մինչ այդ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ ինչի մասին են խոսել։ Հետո Նիկոլը, բացատրական թեթև աշխատանք կատարելով, լուսավորեց լայվը դիտող ժողովրդին, որ նման իրավիճակում յուրաքանչյուր երկրի ղեկավար առաջնորդվում է իր երկրի շահերով (ասեք, որ ստեղ «իյա, իրո՞ք»-ը կսազեր)։ Ես էստեղ իրա հետ համաձայն եմ, որովհետև հավատացած եմ, որ Արցախյան հակամարտության հարցում մենք դավաճան ղեկավար չենք ունեցել, խաղաղության հասնելու տարբեր մոտեցումներ ունեցել ենք՝ հիմնականում ԼՏՊ-ն՝ մի կողմում ՍՍ-ն ու ՌՔ-ն՝ մյուս։ Ու յուրաքանչյուր նոր ղեկավար ուղղակի պարտավոր է տեղեկատվության բացերը լրացնել նախկինի/ների հետ տետատետ հանդիպման միջոցով։ Ու էստեղ բնական հարց է առաջանում, թե որքանո՞վ է նույն հետաքրքրասիրությունն ու, թվում է թե, բնական անհրաժեշտությունը Նիկոլին տարել Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մոտ՝ հասկանալու համար նույն բանակցային գործընթացի հայկական կողմի՝ տարիներ շարունակվող տրամաբանությունը։ Չէ՞ որ գործընթացը եղել է ու շարունակում է լինել մեծամասամբ փակ և գաղտնի ռեժիմով։ Նոր իշխանությունների օրոք մեկ անգամ է խոսվել նման մոտեցման մասին, էն ժամանակ, երբ Արսեն Խառատյանը Հ1-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ եթե կարիք լինի, Սերժ Սարգսյանը կներգրավվի բանակցային գործընթացի մեջ, ինչն իմ կողմից Արսենին նման հասուն մոտեցման համար շնորհակալական հաղորդագրություն ուղարկելու պատճառ դարձավ։
Հիմա ասածս էնա, որ հակառակորդից Գյուլնազ տատի հեքիաթները լսելուց առաջ միգուցե էդ ինստիտուցիոնալ հիշողության ճեղքերը տանը լցնելը ավելի ճի՞շտ ա, հը՞։
Ու մի շատ, անչափ կարևոր հարց․ ո՞նց ա պատահում, որ Ալիևի հետ 1,5 ժամ տենց «ոչ մի կարևոր բան» չխոսելուց մեկ օր հետո հեռախոսային խոսակցություն է տեղի ունենում վարչապետ Փաշինյանի ու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։ Էդ ո՞նց ա հնարավոր քննարկել «տարածաշրջանային իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր» ու անդրադարձ չկատարել Արցախին։ Եկկողմն, ասենք, Ամուլսարն ա (հաշվի առնելով, որ Դավոսում ա), հասկացանք, բա տարածաշրջա՞նը։
ՀԳ․ Մարդ հարուստ լիներ, վարչապետից ինտերվյու ուզող ու էս հարցերին պատասխան փնտրող լրատվական ունենար։