ՀԾԿՀ-ն այսօրվա նիստում հաստատեց նաեւ էլեկտրաէներգիայի համար սահմանող նոր սակագինը: Այն հուլիսի 7-ից կկազմի 38 դրամ 1կՎտ/ժ-ի դիմաց, նախկին 30-ի փոխարեն, իսկ գիշերային սակագինը կկազմի 28 դրամ՝ ներկայիս 25-ի փոխարեն: Նշենք, որ գիշերային ժամեր են համարվում մարտ-հոկտեմբեր ամիսների համար 22:00-06:00, իսկ հոկտեմբեր-մարտ ամիսների համար 23:00-07:00:
Ի դեպ, նշեք, որ էլեկտրաէներգիայի սակագինն ի տարբերություն գազի սակագնի, վերանայվել է ոչ թե մատակարարող ընկերության` տվյալ դեպքում` ՀԷՑ-ի առաջարկով, այլ հենց հանձնաժողովի սեփական նախաձեռնությամբ:
Ինչպես իր խոսքում նշեց ՀԾԿՀ-ի Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը, էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնական պատճառներից են հուլիսի 7-ից ՋԷԿ-երին մտակարարվող գազի սակագնի բարձրացումը, դոլարի փոխարժեքի ավելացումը նախորդ տարվա համեմատ, կատարված ներդրումների վերադարձելիությունը, շահույթի, համակարգի մաշվածության եւ այլ գործոններ:
Գարեգին Բաղրամյանի ներկայացմամբ, «առաջացած ճեղքվածքը փակելու համար անհրաժեշտ է 8 դրամով ավելացնել սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը»:
Էլեկտրաէներգիայի սակագնի քննարկման ընթացքում հասարակական հատվածի ներկայացուցիչների առաջարկությունների մեծ մասը վերաբերում էր էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացմանը, ինչը նրանց խոսքով, մեր երկրում բավականաչափ չի արվում:
Նիստին ներկա Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ներկայացուցիչը չհամաձայնեց այս դիտարկման հետ` մատնանշելով, որ վերջին տարիներին բավական ակտիվ է ընթանում հատկապես փոքր ՀԷԿ-երի շինարարությունը, որի արդյունքում մենք այսօր տարածաշրջանում բավական լավ ցուցանիշներ ունենք: Ինչ վերաբերում է քամու եւ արեւային էներգետիկային, ապա այստեղ, պետական մարմնի ներկայացուցիչը խոստովանեց, որ այս ոլորտներն իրոք ավելի քիչ են զարգացած:
«Քամու էլեկտրակայանները կառուցված են, աշխատում են, արեւայինի հետ կապված եւս կան արված ծրագրեր, բայց այսօրվա վիճակով, այս տեխնոլոգիաներով, մեր ժողովրդի գնողունակության պայմաններում այդ էլեկտրաէներգիան դեռեւս մատչելի չէ մեր հանրության համար»,-նշեց բանախոսը: Ի դեպ, նշենք, որ եթե 5 տարի առաջ այս այլընտրանքային աղբյուրների արտադրած էլեկտրաէներգիան 156 դրամից պակաս չէր, ապա այսօր արդեն հասնում է 80-90 դրամի: Եվ նվազման միտումները շարունակական կլինեն, եթե ներդրվեն ավելի արդիական տեխնոլոգիաներ: