Հարցազրույց ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ

- Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եք Ձեզ զգում Ազգային ժողովում. Ձեզ համար միանգամայն նոր համակարգ է:

- Բավական ակտիվ աշխատանք է ընթանում: Բոլոր հարցերի վերաբերյալ բավական լուրջ քննարկումներ ծավալվեցին, ինչը նպաստում է, որ օբյեկտիվ և օպտիմալ կարծիք ձևավորվի: Սա ողջունելի է:

- Ո՞ր հանձնաժողովում եք աշխատելու:

- Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում:

- Ի՞նչ տպավորություն ունեք խորհրդարանական ընդդիմությունից։ Շատերն ասում են՝ այս խորհրդարանում ընդդիմություն չկա:

- Ես այդ կարծիքին չեմ: Ունենք շատ առողջ ընդդիմություն: Պարզունակ թվացող հարցի լուրջ քննարկումը, ինչպիսին էր, օրինակ, հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը, հենց դրա ապացույցն էր:

Դուք ՃՈ պետի տեղակալն էիք և համակարգի մաս էիք կազմում: Հիմա, փաստորեն, մաս եք կազմում նոր իշխանության: Ինչպե՞ս ստացվեց այդ տրանսֆորմացիան:

- Բոլոր քաղաքական իրադարձությունների ժամանակ ոստիկանությունը եղել է և կլինի ապաքաղաքական կառույց: Ես՝ որպես սպա, կատարել եմ իմ ծառայողական պարտականությունները, բնականաբար, քաղաքական գործիչ չեմ եղել: Նշանակություն չունի, թե ինչ ուժ է այսօր կառավարում, կարևոր է, որ ուժային կառույցները գործեն օրենքին խիստ համապատասխան ու կատարեն իրենց գործառույթը:

- Բայց նախկինում ներքին համակրանք ունեցե՞լ եք ընդդիմության նկատմամբ:

- Յուրաքանչյուր ժամանակահատված թելադրում է նաև տրամադրությունների, որոշումների ու համակրանքների փոփոխություն: Այս խիտ քաղաքական անցուդարձը Հայաստանի Հանրապետությունում իմ մեջ այլ որոշումներ կայացնելու հիմքեր է առաջացրել, ու ես կայացրել եմ իմ որոշումը:

- Դուք այժմ մի իշխանության մեջ եք, որը դեմ էր ճանապարհներին արագաչափեր ու տեսախցիկներ տեղադրելուն: Նիկոլ Փաշինյանը կտրականապես դեմ էր դրան: Դուք՝ որպես ոլորտի մասնագետ, արդարացված համարո՞ւմ եք այդ դիրքորոշումը:

- Մարդկային գործունեության բոլոր ոլորտներում ավտոմատիզացման պրոցեսն անխուսափելի է: Դրա դրսևորումն են նաև տեսահսկման սարքերը, որոնք արդյունավետ են, քան տվյալ տարածքում մարդկային ուժի կիրառումը: Այդ սարքավորումների կիրառման արդյունքում բավականին լավ արդյունքներ ենք ունեցել: Այո, ես այդ համակարգին անցնելու հարցում լուրջ դերակատարում եմ ունեցել և փորձելու եմ ավելի զարգացնել համակարգը: Կարծում եմ, որ Հայաստանի վարչապետը դեմ է եղել ոչ թե այդ համակարգին, այլ տուգանքների կիրառման պրակտիկային: Իշխանության գալով՝ այդ պրակտիկան էապես փոխվեց, մեղմացվեց: Բացի դրանից՝ կլինեն օրենսդրական նախաձեռնություններ, որոնք էապես կնվազեցնեն տուգանքների չափերը, կկիրառվեն տուգանային միավորներ, որոնք կբարձրացնեն ճանապարհային երթևեկության անվտանգությունը, և որպես երկրորդական էֆեկտ, կնվազեցվի սոցիալական բեռը: Այս ամենը կլինի վարչապետի հանձնարարությամբ: Բացի այդ՝ աննախադեպ քայլ կատարվեց՝ 13 մլրդ դրամի տուգանք համաներվեց:

- Ասում եք՝ ավտոմատացված համակարգի զարգացումն անխուսափելի է։ Ուրիշ ի՞նչ նոր քայլեր են իրականացվելու:

- Ճանապարհային ոստիկանության կառուցվածքը փոխվելու է: Լուրջ բովանդակային փոփոխություններ են իրականացվելու: Ճանապարհային ոստիկանության հիմքի վրա կստեղծվի հասարակական անվտանգության ոստիկանություն, ժողովրդական լեզվով ասած՝ պարեկային ոստիկանություն: 

- Այսինքն՝ Ճանապարհային ոստիկանություն չի՞ լինելու:

- Ոչ, Ճանապարհային ոստիկանություն՝ որպես այդպիսին, չի լինելու, լինելու է հասարակական անվտանգության ոստիկանություն, որի գործառույթների մեջ կմտնի բոլոր իրավախախտումներին, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության խախտումներին արձագանքելը: Սա մեծ փոփոխություն է: Շուտով այս հարցով քննարկումներ կլինեն նաև Ազգային ժողովում:

- Դուք տուգանքների համաներումը համարո՞ւմ եք ճիշտ քայլ…

- Իհարկե, նախաձեռնողներից մեկն էլ ես եմ եղել:

- Բայց շատերը պնդում են, որ պետության կողմից այդ քայլը նպաստեց, որ շատ վարորդներ մնան նույն օրինախախտը:

- Համաներման հետ բացարձակ կապ չունի վարորդների որոշ խմբի սանձարձակ լինելը: Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում վարորդների ավելի քան 85%-ը բավականին կարգապահ է և տարեկան կատարում է մինչև 5 խախտում: Մենք խնդիր ունենք վարորդների 1-2%-ի հետ, որոնք օգտվում են ոչ թե համաներումից, այլ այն հանգամանքից, որ տուգանքների կիրառման պրակտիկան շատ է մեղմացվել այսօր:

- Պարոն Խաչատրյան, նախկին ընդդիմությունը հայտարարում էր, որ արագաչափերի բիզնեսը պատկանում է Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին: Դա ճի՞շտ էր:

- Տեսախցիկների ամբողջ համակարգը՝ գույքով, տեխնիկական միջոցներով, պետության սեփականությունն է շատ վաղուց՝ դեռևս 2013 թվականից: Որպես ծառայության մատուցում՝ դա հանձնարարվել է «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպությանը, և որևէ մեկի սեփականությունը չէ: Այդ ամբողջ գույքը պատկանում է պետությանը և այդ գործառույթն իրականացվում է պետության կողմից: Սա ոչ մեկի բիզնեսը չէ:

- Այսինքն՝ հերքո՞ւմ եք հայտարարությունները, թե Ալեքսանդր Սարգսյանն առնչություն ունի այդ ամենի հետ:

- Այո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել