Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն, որն, ըստ էության, հանրության օբյեկտիվ տեղեկատվության առաջնային աղբյուր պետք է հանդիսանա, այսօր եթերում հայ ազգի պատմության ընթացքում ամենացավալի դեպքերից մեկի հիման վրա նկարահանված «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի շրջանակներում որոշ դրվագներում չհիմնավորված, ինչու չէ, նաև ապատեղեկատվություն հանդիսացող ինֆորմացիա հրապարակեց: Մասնավորապես, ֆիլմում խոսվեց ժամանակ առ ժամանակ համացանցում պտտվող մի թղթի կտորի մասին, որտեղ նշված է, թե իբր այդ օրերին, ի թիվս բազմաթիվ անունների, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորը բանակային ստրուկտուրայից իբր թե ինչ-որ հանդերձանք է ստացել: Ասվածի աբսուրդայնությունն ու անիրական լինելու հանգամանքն ի ցույց դնելու համար խոսենք փաստերով։
Նախ՝ բոլորովին վերջերս նույն փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը լրատվականներից մեկի եթերում հայտարարեց, որ Ծառուկյանի անձի վրա պետք չէ կենտրոնանալ, քանի որ Ծառուկյանը միակն է այդ ցուցակում տեղ գտած անձանցից, ով հերքել է այդ տեղեկատվությունն իր անվան վերաբերյալ և հավելել, որ պատրաստ է պատասխանատվություն կրել, եթե պարզվի, որ իր անունը կապ ունի մարտի 1-ի դեպքերի հետ: Թե՛ Գագիկ Ծառուկյանի, թե՛ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունները վկայում են այն մասին, որ այս թղթի արժանահավատությունը կասկածի տակ է եթե ոչ հարյուր տոկոսով, ապա գոնե Ծառուկյանի մասով այն իրականությանից շատ հեռու է:
Երկրորդ՝ վերջին շրջանում հենց նույն խոսակցությունների ֆոնին լրատվական դաշտում կրկին, ի հակադրություն Ծառուկյանի մասնակցության, որոշ տեղեկատվական հարթակներ հղում էին անում 2008 թվականին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված մի հոդվածի, որտեղ ասվում է, որ, ուսումնասիրությունների ու հավաստի տեղեկությունների համաձայն, Գագիկ Ծառուկյանը ոչ միայն չի մասնակցել մարտի 1-ի դեպքերին, այլև կոչ է արել, որ ոչ մի պարագայում ժողովրդի նկատմամբ կոպիտ ուժ չկիրառվի: Կարծում ենք՝ այս առումով էլ կրկին ի չիք են դառնում որոշ «մուտիլովշիկների» կողմից արհեստականորեն տարածված այն լուրերը, թե Ծառուկյանը կապ ունի մարտի 1-ի հետ:
Այս ամենը, երբ իրականացնում է ինչ-որ ֆեյք հանրությանը քիչ հայտնի էլեկտրոնային մամուլի միջոցով, կարելի է հասկանալ և ըմբռնումով մոտենալ, քանի որ քաղաքական ենթատեքստն այս պարագայում իրեն զգացնել է տալիս, բայց երբ այդ նույն ֆարսն ու ապատեղեկատվությունը հրապարակվում է երկրի թիվ 1, պաշտոնական տեղեկատվական աղբյուրի կողմից, առնվազն տարակուսելի է: Բնականաբար, մարտի 1-ի բացահայտումից հետո բոլոր վերը շարադրված խոսքերը հաստատվելու են, և այդ դեպքում արդյոք Հ1-ն այդչափ քաջություն կգտնի՞ իր մեջ, որպեսզի ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից, ում մասին լկտի ապատեղեկատվությունը հրապարակվել էր նաև իրենց եթերում:
Հուսանք, որ այս թեմայով քննարկումներ իրականացնելիս հաշվի կառնվեն ներքոնշյալ հանգամանքները, և Ծառուկյանի անունն այլևս անհարկի չի շահարկվի որոշ «աբիժնիկների» կողմից: