• ՀԱՐՑ՝ կդյուրանա՞ արդյոք հակամարտության լուծումը, եթե Ադրբեջանում տապալվի Ալիևների իշխանությունը, և հաստատվի ժողովրդավարական համակարգ։
• ՊԱՏԱՍԽԱՆը ներկայացնում եմ ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի՝ ապրիլյան պատերազմին նվիրված կայք-հանրագիտարանի «Կարևոր հարցեր» բաժնից։ Տեքստի առաջնային հեղինակը ես եմ։
• «Արևելյան Անդրկովկասի թյուրքական բնակչության ատելությունը հայության հանդեպ երեսուն տարվա պատմություն չէ, որ ունի։ Այն առաջացել է պատմականորեն՝ կապված հայկական հողերում մուսուլմանական-թյուրքախոս բնակչության սփռման, ցարական Ռուսաստանի միտումնավոր քաղաքականության, ինչպես նաև Օսմանյան կայսրության ամենաուղղակի միջամտությամբ Անդրկովկասի թյուրքախոս մուսուլմանների քաղաքական սոցիալականացման հետ։
Ադրբեջանի պարագայում գործ ունենք մի համակարգի հետ, որում Հայաստանի ու հայերի նկատմամբ թշնամանք կա բնակչության բոլոր խավերի մոտ։ Պատահական չէ, որ 1988 թ. Բաքվի Լենինի հրապարակում առաջին ցույցերը սկսվեցին հենց ղարաբաղյան հարցի առնչությամբ և «Մա՛հ հայերին» վանկարկումներով։ Արդեն այդ տարիներին ղարաբաղյան հարցն ամենահարմար միջոցն էր «Գոյություն» կազմակերպության և «Ադրբեջանի ժողովրդական ճակատի» համար՝ ճնշում բանեցնելու երկրի կոմունիստական իշխանությունների վրա և ժողովրդի շրջանում հեղինակություն ձեռք բերելու համար։ Քաղաքական առաջնորդներն օգտվում էին այն լայն արձագանքից, որ հակահայկական տրամադրություններն ստեղծում էին ղարաբաղյան հարցի շուրջ, և իրենք էլ իրենց հերթին սրում էին այդ տրամադրությունները։
Ձևավորվել է մի փակ շղթա, որի պայմաններում ադրբեջանական ժողովրդի հակահայկական տրամադրությունները փոխանցվում են վերնախավին, որն էլ իր հերթին խրախուսում ու բազմապատկում է դրանք։ Քաղաքական այս մոդելի կենսագործման հետևանքով այսօր շատ են այն ադրբեջանցիները, որոնք, անգամ դժգոհ լինելով ալիևյան վարչակարգի քաղաքականությունից, այդուամենայնիվ, զերծ չեն սուր հակահայկական տրամադրություններից։
Այստեղից էլ բխում է հարցի պատասխանը, որ անգամ եթե ալիևյան վարչակարգին օրերից մի օր փոխարինի համեմատաբար ժողովրդավարական համակարգ, վերջինս չի կարող հաշվի չնստել ժողովրդի հակահայկական տրամադրությունների հետ։ Արդյունքում՝ այդ վարչակարգը կա՛մ կշարունակի հայերի հանդեպ նախորդների ագրեսիվ քաղաքականությունը, կա՛մ կպարտվի՝ դիրքերը զիջելով բնակչության տրամադրություններին հագուրդ տվող ուժերին»։
Կից նյութն՝ այստեղ։