Պետական աշխատողին պարգևատրելը, նորմալ աշխատավարձով ապահովելն, իհարկե, հրաշալի քայլ է, որը պետք է կատարի ցանկացած պետություն։ Դա պետության պարտքն է իր համար աշխատող ու ծառայող մարդու համար։ Մարդկանց նորմալ աշխատավարձ տալով՝ պետությունը նաև պայքարում է կոռուպցիայի դեմ։ Մեծ է հավանականությունը, որ մարդը, ով քիչ աշխատավարձ է ստանում, օրերից մի օր կուլ կգնա սեղանին դրված ավել գումարին, բայց քիչ է հավանականությունը, որ մարդ, ստանալով բավականին գումարը, որը հերիքում է իրեն կյանքը նորմալ ապրելու համար, կգնա ռիսկի ու կվերցնի այդ ավել գումարը, քանի որ միշտ կմտածի, որ ցանկացած պահի կարող է զրկվել իր աշխատավարձից։
Բայց այստեղ մի հատ մեծատառերով ԲԱՅՑ կա։ Երբ երկրիդ զինվորականը, երկրիդ բժիշկն ու ուսուցիչը, որոնցից պետությունն ամենաշատն է պահանջում, չեն ստանում պարգևավճար, չեն ստանում որոշ մարզպետների, օգնականների և այլոց չափ աշխատավարձ, ստանում են բացառապես օրվա հացի գումար, չես կարող կլորացրած աչքերով նայել նրանց դեմքին ու ասել՝ հա ի՞նչ, մարդիկ աշխատում են ու դրա համար 100 տոկոսից ավել պարգևավճար են տալիս ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ։
Զուտ եթե խոսում ես փոխված իրավիճակի, բյուջեն չթալանելու ու պետության մասին, չես կարող այդ մարդկանց նման պատասխան տալ։
Հա ու անհասկանալի է, երբ ընդդիմադիր գյուղապետը բյուջեն խնայելու համար վաճառում է իրեն հասանելիք պետական մեքենան, բայց նույն այդ անձը, ով դառնում է մարզպետ, բյուջեից շռայլ պարգևատրումներ է անում ինքն իրեն ու իր աշխատակիցներին, որոնց մի մասը մի երկու ամսվա աշխատողներ են։
Թե չէ օրենք եք դեմ տալիս, դաժանակիր աշխատանք եք դեմ տալիս, նախկինում կատարած թալան եք դեմ տալիս, եսիմ ինչեր եք դեմ տալիս զուտ նրա համար, որ արդարացնեք մի բան, որն արդարացնելու կարիք չունի։ Ի սեր Աստծո, պարգևատրվեք բոլորդ, ամիսը երկու անգամ, մենակ թե մի արդարացեք, դա ձեզ մոտ չի ստացվում։