Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ուղիղ եթերներից մեկում դժգոհում էր, որ իշխանությունների ընդդիմախոսները փորձում են իր թիմակիցներին ներկայացնել որպես «գյոռմամիշներ»։ 

Բացարձակ չէի անդրադառնա այս թեմային, եթե այս օրերին ԶԼՄ-ներից չտեղեկանայի, որ պարոն Փաշինյանի թիմակից մարզպետներից ոմանք 3-ից 8 ամիս «տիտանական» աշխատանք կատարելու համար իրենք իրենց և իրենց «քիփլիկ» շրջապատին մեկ ամսվա աշխատավարձերի չափով և նույնիսկ դրանից ավել պարգևավճարներ են տվել։ Պարգևավճարներ ստացողներից ոմանք էլ առանց ամոթի այն բացատրում են օրենքով՝ չբացատրելով, թե ինչպես կարող է պաշտոնյան կամ պետական հիմնարկի աշխատակիցը 12 ամիս չաշխատել, բայց ստանալ այսպես կոչված 13-րդ աշխատավարձը՝ պարգևավճարը։ Սա ի՞նչ է, եթե ոչ պարոն վարչապետի ասած «գյոռմամիշություն»։ Ինչպես կասեր խորհրդային ֆիլմերից մեկի հերոսը․ «За чей счет этот банкет?»։ Իրոք, ո՞ւմ հաշվին են այս տիպի նախաամանորյա խրախճանքներ կազմակերպում ՀՀ վարչապետի թիմակիցները։ Կամ վարչապետի ոճով թանկարժեք «սպեցովկաներ» հագնելը՝ դոշին պաշտոնը և ազգանունը գրված։ Այո՛, դա արդեն «գյոռմամիշություն» չէ, այլ տարրական չտեսություն է, որն ինձ մոտ ուղղակի նողկանք առաջացրեց։ 

2018թ․-ի Թավշյա հեղափոխության պատճառներից մեկը Սերժ Սարգսյանին շրջապատող «գյոռմամիշաչտեսների» և բեսպրեդելշչիկների ահռելի թվաքանակն էր, որոնց պահվածքը և գործունեությունն հասարակության մոտ տարրական ատելություն առաջացրին ՀՀԿ-ի և նախկին նախագահի անձի նկատմամբ։ Հեղափոխությունից ամիսներ անց նրա ալիքների վրայով և Փաշինյանի ուսերին բազմած իշխանության եկած վերջինիս թիմակիցները վատ բաներում կրկնօրինակում են նախորդ իշխանություններին։

Հարգելիներս, մի փոքր զուսպ եղեք և չմոռանաք ձեր անցյալը։ Մի փոքր համեստ լինելը միայն օգուտ կտա պարոն Փաշինյանին, որպեսզի վերջինս ստիպված չարդարացնի իր թիմակիցների բացթողումները, ինչը նրա մոտ վերջերս այդքան էլ լավ չի ստացվում։ Իշխանություն ունենալը չի նշանակում ամնեզիա և հասարակությունից կտրվել։ Նախորդ իշխանությունների անփառունակ հեռացումը քաղաքական Օլիմպոսից հենց պայմանավորված էր վերը նշված երկու հանգամանքով։ Բայց եթե վերջիններս մոռացան իրենց անցյալը և հասարակությունից կտվեցին մի քանի տարում, ապա Փաշինյանի թիմակիցների մոտ դա «էքստերնով» է։ Հայաստանի նման երկրում (չեմ ցանկանում «աղքատ» բառն օգտագործել), որտեղ հասարակությունը հեղափոխության միջոցով տապալեց իր համար անընդունելի իշխանություններին, մեծ շռայլություն է նոր իշխանավորների համար հների ոճով երկիր կառավարելը։

ՀԳ. Սպասում եմ, որ Հնդկաստանի կառավարության անդամները և իշխող կուսակցության պատգամավորները Փաշինյանի թիմակիցներին ի պատասխան, որոնք իրենց «վեչերինկեքից» մեկի ժամանակ հնդկական մոտիվների տակ էին պարում, հակընդդեմ փարթի կազմակերպեն, «գրուպովոյ» քոչարի պարեն և տեղադրեն համացանցում, բայց համոզված եմ, որ այդ սպասումներս չեն արդարանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել