Բացահայտ ապատեղեկատվություն և սադրանք եմ համարում armlur.am կայքում հրապարակված «Ինչ են հետաքրքրվել քննիչները Սեյրան Օհանյանից», այնուհետև aravot.am կայքում հրապարակված «Սեյրան Օհանյանը բացատրել է 0038 հրամանի էությունը...» հոդվածները, ըստ որոնց՝ «Ժողովուրդ» օրաթերթն ունի տեղեկություններ հարցաքննությունից (Մարտի 1-ի գործի շրջանակներում առաջադրված մեղադրանքի), իբրև թե ես խոսել եմ 0038 հրամանի ինչ-որ տեխնիկական մասի ապահովումից:

Հերքում եմ և համարում ակնհայտ սադրանք:

Յուրաքանչյուր իրեն հարգող լրագրող պարտավոր է կից ներկայացնել փաստը, որով կապացուցի իր խոսքերի ճշմարիտ և օբյեկտիվ լինելը։ Նշված հոդվածը չի ներկայացնում ո՛չ փաստաթուղթ, ո՛չ ձայնագրություն: 

Ավելին՝ հաշվի առնելով քննության նյութերի գաղտնիության հանգամանքը՝ ինձ մոտ հարց է առաջանում՝ ինչ աղբյուրի է լրատվամիջոցը տիրապետում, իսկ տիրապետելու պարագայում՝ օրինականությունը, և ինչո՞ւ չի հրապարակում ապացույց հանդիսացող փաստաթուղթը:

Բովանդակությամբ ոչինչ չասող այս «ստեղծագործական շարադրությունը», կարծում եմ, նպատակ է հետապնդում հանրությանը շեղելու իմ ֆեյսբուքյան վերջին գրառումից, որին կցված ձայնագրությունը օբյեկտիվ ապացույց է իմ դեմ ուղղորդված հետապնդման, դրան հաջորդող հնարովի մեղադրանքի, իսկ այս թեմայով հրապարակումները տարբեր լրատվամիջոցներում կարելի է համարել ուղղորդվող տրամաբանական շարունակությունն այդ ամենի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել