ՀՀ-Իրան հարաբերությունները շատ զգայուն են։ Իրանն ունի ադրբեջանական բազմամիլիոնանոց բնակչություն, որտեղ ուժեղ են պանթուրքական տրամադրությունները: Իրանը, մահմեդական երկիր լինելով, տարիներ շարունակ քրիստոնյա ՀՀ-ի հետ կառուցում է ռազմավարական հարաբերություններ։ Հայ-իրանական կապերը Թեհրանում ու Երևանում բնութագրվել են որպես բարեկամական:
Իրանի համար բարդ է Հարավային Կովկասում պահպանել բալանսավորված արտաքին քաղաքականություն` ունենալով ադրբեջանական մեծ բնակչություն երկրի ներսում` փաստացի ուժեղ լոբբի, ինչպես նաև հարևան շիա Ադրբեջան, որի հետ կառուցում է էներգետիկ-տրանսպորտային մեծ նախագծեր ու ունի տնտեսական, կրոնական, աշխարհաքաղաքական և ռազմավարական շահեր:
Իրանն իր հայամետ քաղաքականության, դիրքորոշման համար թե՛ ՀՀ պետության, թե՛ հայ ժողովրդի, թե՛ Ղարաբաղի հարցում բազմաթիվ անգամ ենթարկվել է Բաքվի խիստ քննադատությանը:
Իրանը ՀՀ-ի համար միշտ էլ `պատերազմի տարիներին և այլն, կյանքի ճանապարհ է հանդիսացել և վստահելի հարևան է ՀՀ-ի հարավում: Տնտեսական, էներգետիկ, ռազմական, ռազմավարական բազմաթիվ թելերով են կապված հայ-իրանական հարաբերություններն, ու անթույլատրելի է Իրանին անվանել ավտորիտար երկիր, ինչի մասին այսօր խոսվեց ՀՀ ԱԺ-ի ամբիոնից:
Իրանում այդպիսի հայտարարություններին շատ սուր են վերաբերվում։ Բաքվին չպետք է լրացուցիչ առիթներ տալ սեպ խրելու հայ-իրանական հարաբերություններում ու այսպիսի հայտարարություններն իրենց ԶԼՄ-ներով տարածելու:
Հայ-իրանական կապերին, խորհրդարանական ամբիոնից այսպիսի հայտարարություններին զուգահեռ, կարող է հարվածել նաև հայ-իսրայելական կապերի ընդլայնումը:
Հիշեցնենք, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն օրերս հայտարարել է, որ շուտով Իսրայելը դեսպանություն կունենա Հայաստանում, իսկ Հայաստանը՝ Իսրայելում:
Զոհրաբ Մնացականյանի խոսքերը մեջբերում է The Jerusalem Post պարբերականը «Իսրայելի եւ Հայաստանի հարաբերությունները ջերմանո՞ւմ են» հոդվածում:
«Ես լավատեսորեն եմ տրամադրված եւ կարծում եմ, որ դա շուտով տեղի կունենա: Մենք ավելի քան ուրախ կլինենք նոր որակ հաղորդել Իսրայելի հետ մեր հարաբերություններին»,- ասել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը:
Հայ-իսրայելական հարաբերությունների լավացման մասին մեսիջները պետք է դիտարկել իսրայելա-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների ամրապնդման համատեքստում:
Իսրայելը տարիներ շարունակ զինում է ՀՀ-ին ու Արցախին պատերազմով սպառնացող Ադրբեջանին, ու իսրայելցի մասնագետները վերապատրաստում են ադրբեջանական բանակն ու արդիականացնում այն:
Իսրայելի համար ՀՀ-ն ՌԴ-ի և Իրանի հետ ռազմավարական, դաշնակցային կապեր ունեցող երկիր է, իսկ Իսրայելի համար տարածաշրջանային դաշնակից են Թուրքիան ու Ադրբեջանը` երկու պետություն, որոնց նպատակն է բնաջնջել հայությանն ու ոչնչացնել հայոց պետականությունը: Իսրայելը բազմամիլիարդանոց ռազմական պայմանագրեր ունի Ադրբեջանի հետ․ գնում է ադրբեջանական նավթն ու այնտեղ ունի հրեական զգալի համայնք:
Իրանը կտրուկ է արձագանքելու ՀՀ-Իսրայել հնարավոր ջերմացմանը թե՛ Ղարաբաղի հարցով դիրքորոշման, թե՛ տնտեսական նախագծերի հարցում։ Մեղրիի ազատ տնտեսական գոտի կարող են այդպես էլ իրանցի ներդրողներ չգան ու իրանական ապրանքները տարանցվեն ոչ թե ՀՀ-ով, այլ Ադրբեջան-Իրան երկաթգծով ու ավտոմայրուղիներով դեպի Սև ծով`Բաթումի, Փոթի կամ ՌԴ:
Հայ-իսրայելական տնտեսական հարաբերությունները գրեթե զրոյական մակարդակի են։ Իսրայելի համար Հարավային Կովկասում թիվ մեկ դաշնակիցն Ադրբեջանն է, իսկ երկրորդական դաշնակիցը` Վրաստանը, որն ԱՄՆ-ի դաշնակիցն է, հակառուսական պլացդարմ ու թուրք-ադրբեջանական տանդեմի հետ սերտորեն, բազմաթիվ թելերով կապված երկիր:
ՀՀ-ի դիվանագիտությունը պետք է հաշվարկի Իրանի սուր արձագանքն ու իր խողովակներով ճշգրտի հայ-իրանական հարաբերությունների վրա հնարավոր բացասական հետևանքները` Մնացականյանի իսրայելական այցին ընդառաջ:
ՀՀ-ի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան չպետք է տեղի ունենա ավանդական բարեկամների, դաշնակիցների ու կարևորագույն հարևանների հետ հարաբերությունների հաշվին։ Իսրայելը շատ հեռու է Հարավային Կովկասից, իսկ Իրանը` ՀՀ-ի հարավային դարպասն ու հարևանը: Այնտեղ առկա է հայ համայնք, ու Իրանի ազդեցությունը տարածվում է ողջ Մերձավոր Արևելքում, որտեղ ամենուրեք հայկական համայնքներ կան: