Ոչ վաղ անցյալի սփյուռքի նախարարն ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ Հայաստանը մեծ հայրենադարձության և ներգաղթի հոսքերի պատրաստ չէ: Այդ թեմայի շուրջ խոսելը նա համարեց ոչ ակտուալ: Ես միայն հիշեցնեմ, որ ընդամենը 7 ամիս առաջ նա գալիս էր նախարար հենց այս թեմաները ակտուալ դարձնելու համար: Փաստենք, որ նրա այդ առաքելությունը ձախողվեց:

Ինչևէ, գանք բուն հարցին: Լավ, մի՞թե կառավարության կամ իշխող մեծամասնության կազմում չկա գեթ մեկ պրոֆեսիոնալ մարդ, ով, բացի անմեղսունակ հայտարարություններ անելուց, պատկերացնում է նաև Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերի առողջացման հարցում հայրենադարձության դերը և նշանակությունը: Ի՞նչ է նշանակում՝ Հայաստանը պատրաստ չէ մեծ հայրենադարձության: Բա ինչո՞ւ պատրաստ չէ: Է, թող պատրաստ լիներ: Ո՞վ էր խանգարում կառավարությանն անցած ամիսների ընթացքում վերանայելու, վերախմբագրելու հայրենադարձության մասին ՀՀ կառավարության դեռևս 2011թ. որոշումը, որն անցած իշխանության ապաշնորհ կառավարման ջանքերով օրենքի ուժ չստացավ: 

7 միլիոն սփյուռք ունեցող պետություն ես, ըստ որում՝ աշխարհի բազմաթիվ եռացող կետերում բազմահազարանոց համայնքներ ունես, բայց հայերնադարձության կամ ներգաղթի ոլորտը կարգավորող տարրական իրավահարաբերություններ ու իրավական կարգավորումներ չկան: Մի հատ խղճուկ հայրենադարձության հայեցակարգ ունես մշակած, որն ընդհանրապես չի էլ գործում: Այ հենց էս պատճառով էր, որ շուրջ 25 հազար Սիրիայի մայր համայնքից հայրենադարձներ ունեցանք, բայց չկարողացանք նրանց երկրում պահել, որովհետև, Հայաստանում բախվելով բազմաթիվ պատերի, նրանց ճնշող մեծամասնությունը նորից լքեց երկիրը: Է, բա, բնականաբար, էս ֆոնին մեզ սփյուռքի նախարարություն պետք չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել