«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Ի հեճուկս իմ հասակակիցների փնթփնթոցների՝ ես կարծում եմ, որ խորհրդարանի այս կազմն իր որակով ավելի բարձր է, քան նախորդները: Օլիգարխների քանակը կտրուկ նվազել է, կանանց, երիտասարդների, գիտության մարդկանց թիվը՝ շատացել: 

Ինձ համար հատուկ հաճույք է շփվել «սովետ չտեսած» երիտասարդների հետ՝ նրանք ինձնից տարբեր ձևով են մտածում և, զգում եմ բնազդորեն, ինձնից ավելի ճիշտ: 

Իհարկե, նոր ԱԺ-ում կա ԲՀԿ-ն, որը, ինձ թվում է, քաղաքական համակարգի երեկվա օրն է: Այդ կուսակցության մեջ կան ինձ համար շատ համակրելի մարդիկ՝ սկսած Ծառուկյանից, բայց եկեք ընդունենք, որ ինքնին այն իրավիճակը, երբ մեծահարուստը «կուսակցություն է պահում» և ամեն ինչ միանձնյա որոշում է իր հետաքրքրություններից (այդ թվում՝ տնտեսական շահերից) ելնելով, պարզապես հնացել է: 

Վստահ եմ, որ ԲՀԿ նախագահը դա վաղ թե ուշ կընդունի: Խնդիրների այն մասը, որը, իմ տպավորությամբ, հնարավոր է լուծել նաև պատգամավորների միջոցով, ընկնում է «Իմ քայլի» ուսերին: Այսօր քաղաքական մեծամասնության (և, իհարկե, բոլոր մտածող մարդկանց) հիմնական խնդիրներից մեկն է, կարծում եմ, իջեցնել ատելության մակարդակը, սառեցնել կրքերը, հասարակությանը տանել դրական տրամադրությունների և իրավական պատշաճ ընկալումների ուղղությամբ:

Այսօր վիճակը հետևյալն է. երբ ասվում է, որ Քոչարյանը պետք է դատվի օրենքով, դրան պատասխանում են՝ ոչ, նրան պետք է կախել հրապարակում և ժողովրդին թույլ տալ, որ նրան խոշտանգի: 

Երբ կարծիք է հնչում, որ Մանվել Գրիգորյանն այս պահին վտանգ չի ներկայացնում հասարակության համար և կարող է մինչև քննության ավարտը ազատության մեջ լինել, մարդիկ բացականչում են՝ ոչ, թող բանտում մեռնի քաղցկեղից: Երբ ՀՀԿ-ական նախկին պատգամավորը (ի դեպ, ոչ օլիգարխ, ոչ պաշտոնյա) վթարի է ենթարկվում, քաղաքացիները հարցնում են՝ «ինչո՞ւ չի սատկել»: Երբ նշվում է, որ մեր գործընկեր Սամվել Մայրապետյանը պետք է վիրահատվի արտասահմանում, դրան ի պատասխան՝ խոսվում է նրա հարստության և հնարավորությունների մասին: Դա՛ է քաղաքացիների մեծամասնության տրամադրությունը: 

Եվ այդ դաժանությանը ես հանդիպում եմ ոչ միայն ֆեյսբուքում՝ եթե այդպես լիներ, կարելի էր ենթադրել, որ այդ զգայական ալիքը ուղղորդված է: Այդ կարծիքը հնչում է քաղաքականությամբ չզբաղվող, պարկեշտ և անգամ բարի մարդկանց շուրթերից: Հետևաբար քաղաքացիներն իսկապես «վառված են» նախորդ իշխանություններից և դրա համար ունեն բավարար հիմքեր: 

Թվում է, որ նման իրավիճակը ձեռնտու է ներկայիս իշխանությանը՝ «մենք լավն ենք այն պատճառով, որ մեզանից առաջ եղածները վատն էին»: Բայց այդպես է թվում միայն առաջին հայացքից: Եթե մերժելու, ատելու, ծաղրելու, «բարոյապես ոչնչացնելու» էներգիան չվերափոխվի արարելու, վերափոխելու և վերափոխվելու էներգիայի, ապա իշխանության անկեղծ ջանքերը՝ մեր երկիրը ավելի զարգացած և հարուստ դարձնելու, չեն տա ցանկալի արդյունքները: Հասարակական աջակցությունը ոչ միայն ներկաներին գովելու և նախկիններին փնովելու մեջ է, այլև հեղափոխության գաղափարներին համահունչ գործելու, աշխատելու մեջ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել