Րաֆֆի Էլլիոտտը 24 տարեկան է: Նրա իռլանդացի հայրն ու սիրիահայ մայրը սիրահարվել ու ամուսնացել են Մոնրեալում, որտեղ հայրն իրավաբանություն էր սովորում, մայրը` ատամնաբուժություն: Հայրը շատ հայ ընկերներ ուներ և մի հավաքույթի ժամանակ ծանոթանում է մոր հետ: Վերջինս ակնարկում է, որ դեղնավուն մազերով ու կարճահասակ տղաների չի հավանում, սակայն ճակատագիրն այնպես է անում, որ ամուսնանում է հենց այդպիսի տղայի հետ: Ազգային պատկանելությունը նրանց ամուսնությանը չի խանգարում, քանի որ երկուսի համար նույնն էին ընտանեկան արժեքները: Միայն թե հայրը սկսում է հայերենի դասերի հաճախել, և հիմա հայերեն ավելի լավ գիտի, քան սիրիահայ մայրը:
Րաֆֆին նրանց առաջնեկն է և միայն արտաքինով է տարբերվում սովորական հայից: Նա ունի նաև քույր ու եղբայր: Հայրը երեք երեխաներին էլ հայկական դպրոց է ուղարկել: Րաֆֆին հիշում է, որ հայրն էր դասերը պարապում, ուղղում իրենց հայերենի սխալները: «Մենք տիպիկ սփյուռքահայի կյանքով էինք ապրում»,- ասում է նա:
Միգուցե շատերին տարօրինակ թվա, որ իռլանդացի հայրն իր երեխաների մեջ ջերմեռանդորեն հայություն էր սերմանում, սակայն Րաֆֆին դա հետևյալ կերպ է բացատրում. «Նախ` հայրս մորս շատ էր սիրում, բայց կար նաև այլ պատճառ. հայրս հասկանում էր հայոց պայքարը, որ մենք ցեղասպանության սերունդներն ենք, և եթե մենք էլ հայ չմեծանանք, ապա դրանով ցեղասպանությունը կշարունակվի»:
Ամեն կիրակի հայրը ստիպում էր, որ երեխաները գնան հայկական եկեղեցի, հաճախեն հայկական խմբակներ: Սակայն Րաֆֆին խոստովանում է, որ սկզբում դա իրեն դուր չէր գալիս. մտածում էր` ինչո՞ւ պիտի իր ընկերներն անգլերեն, ֆրանսերեն սովորեն, իսկ ինքն այդ դժվար հայոց լեզուն:
Րաֆֆիի մայրը 88-ի երկրաշարժից հետո սերտ կապեր է հաստատում Գյումրիի հետ, զբաղվում բարեգործությամբ և հաճախ էր Րաֆֆիի հետ այցելում Գյումրի: Պատահական չէ, որ Րաֆֆիի ֆեյսբուքյան էջի անձնական տվյալներում նշված է, որ ինքը ոչ թե Կանադայից է կամ Երևանից, այլ Գյումրիից: Ի դեպ, Ֆեյսբուքում նա իր ազգանվանը նաև «յան» է ավելացրել`դարձնելով Էլլիոտտյան:
2006-ին, երբ 14 տարեկան էր, Հայաստան է գալիս ընկերների հետ և երեք շաբաթ մանկատներից մեկում կամավորական աշխատանք կատարում: Վերադառնալով Կանադա` զգում է, որ այս այցն իր մեջ շատ բան է փոխել: «Ես միշտ զգում էի, որ Կանադայում անհանգիստ եմ, բայց պատճառը չէի հասկանում,- ասում է նա ու բացատրում,- հայրս արմատներով իռլանդացի է, բայց մենք մի քանի սերունդ արդեն Կանադայում ենք և խորը արմատներ ենք գցել այնտեղ: Հորս քեռին Կանադայի վարչապետն է եղել 1983-93 թվականներին, և մեզ համար որևէ բարդություն չի եղել: Սակայն ես չէի հասկանում` ո՞րն է կանադացին, ինձ համար անընդունելի էր, որ մի քանի սերունդ այնտեղ ապրողը և մի քանի օր առաջ եկածը նույն կանադացին են: Իսկ Հայաստանում ուրիշ է` մի ազգ է, մի մշակույթ, մեզ միավորում են նույն ցավերը, նույն նպատակը, և դա ինձ ավելի հոգեհարազատ է»:
Րաֆֆին սկսում է պայքարել Հայաստանի համար: Բոլոր հայկական նախաձեռնություններին արդեն մասնակցում է ոչ թե պարտադրաբար, այլ մեծ ցանկությամբ: Ավելին, քոլեջում և համալսարանում հայ ուսանողական միություն է հիմնում: Երկու տարի առաջ նա մի ծրագրով գալիս է Հայաստան աշխատելու և որոշում է մնալ: Այժմ արդեն սեփական բիզնեսն է հիմնել բարձր տեխնոլոգիաների ծառայությունների ոլորտում, որը գտնվում է Գյումրիում: Ասում է, որ մարզերը պետք է զարգացնել, այնտեղ նույնպես ներուժ կա: Աշխատում է նաև իր մասնագիտությամբ` քաղաքական տնտեսագիտությամբ` խորհրդատվություն իրականացնելով տարբեր կազմակերպությունների համար:
Րաֆֆին սիրում է Հայաստանը և անկեղծորեն զարմանում, որ մարդիկ այստեղից հեռանում են: Մյուս կողմից` խիստ քննադատաբար է վերաբերվում իշխանություններին և հասկանում, որ լուրջ քայլեր են անհրաժեշտ երկրի վիճակը փոխելու համար: Ինչ վերաբերում է հայկական մտածելակերպին, ապա շփվելով հայերի հետ աշխարհի տարբեր վայրերում` նկատել է, որ նրանք ամեն տեղ նույնն են` սիրում են տխուր հոգեվիճակը. «Երբ հային հարցնում ես` ո՞նց ես, երբեք չի ասում` լավ, միշտ ասում է` ոչինչ, վատ կամ շատ վատ: Հայերն իրենց մեջ մտցրել են, որ չի կարելի լավ կյանք ունենալ, և եթե հայ ես, ուրեմն պիտի դժգոհ լինես: Շատերը նույնիսկ մտածում են, որ օտար երկիր գնալուն պես իրենց կյանքը կփոխվի: Ոչ, էդպես չի»,- ասում է նա:
Նաև նկատել է, որ հայերը սիրում են ուրիշին մեղադրել, բայց երբեք սեփական սխալները չեն ընդունում: Օրինակ, երբ տաքսի է նստում, վարորդը հարցուփորձ է անում և երբ իմանում է, որ Կանադայից է եկել, զարմանում է, ասում, թե այստեղ ի՞նչ կա, բոլորը խաբում են, սուտ են խոսում և այլն. «Բայց վերջում նույն վարորդը մինիմալ ճանապարհի համար ինձանից 2000 դրամ է ուզում… և կարծում է, որ եթե գնա Կանադա, ապա իր բոլոր խնդիրները կլուծվեն: Ոչ, որովհետև ինքն է անառողջ, նախ ինքն իր մեջ պետք է խնդիրները լուծի»:
Րաֆֆին նաև զարմանում է, որ բոլորը դժգոհ են, բայց չեն պայքարում իրենց իրավունքների համար, մինչդեռ Կանադան հեշտությամբ ձեռք չի բերել այն, ինչ այսօր ունի. մարդիկ 200 տարի պայքարել են դրա համար: Այնուամենայնիվ, նա երիտասարդների մեջ ներուժ տեսնում է և հավատում, որ երիտասարդությունը պիտի փոխի հայաստանյան իրավիճակը. «Վախը միայն այն է, որ շատերը գնացել են և կարող է` այդ մի փոքր առողջ հատվածն էլ գնա»,- ասում է նա:
Ինչ վերաբերում է իրեն, ապա իր համար Հայաստանը լավ երկիր է, և կնախընտրեր իր զավակներին այստեղ մեծացնել: «Ես հարգում եմ իմ իռլանդական, կանադական արմատները, բայց իմ ապագան տեսնում եմ Հայաստանում: Իսկ իռլանդական արյունն ու կանադական արժեքներն ինձ ավելի լավ հայ են դարձնում»,- ասում է նա: