Մի քիչ երկար ստացվեց էս անգամ, բայց դե կարճ էլ չէր լինի։
Իսրայելական «The Jerusalem Post» պարբերականում օրերս երկու հրապարակում եղավ, որոնցից մեկում՝ վերնագրված «Ջերմանո՞ւմ են արդյոք հայ-իսրայելական հարաբերությունները» (հղումը՝ այստեղ), ներկայացված էր ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զ. Մնացականյանի հարցազրույցը նշված պարբերականին, իսկ մյուսում՝ վերնագրված «Իսրայելի «Elbit Systems» ընկերությունը վաճառում է «Sky Striker» մահապարտ ԱԹՍ-ներ Ադրբեջանին» (հղումը՝ այստեղ), ներկայացված էր Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական ոլորտում ծավալվող համագործակցության հերթական նորությունը, այն է՝ Ադրբեջանը դարձել է իսրայելական «Sky Striker» մահապարտ ԱԹՍ-ների առաջին գնորդը։
Բնականաբար, երկու թեման էլ իրանական կողմի համար պետք է որ զգայուն լինեին, մանավանդ առաջինում մեր երկրի արտգործնախարարի պաշտոնակատարը խոսել էր հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման հեռանկարներից, ավելին՝ պատասխանել էր այն հարցին, թե, իր կարծիքով, ինչպե՞ս կարձագանքի Իրանը, եթե Հայաստանի հարաբերություններն Իսրայելի հետ շարունակեն ջերմանալ։
Սակայն ինչքան էլ զարմանալի էր ինձ համար, իրանական մամուլում չգտա որևէ արձագանք և վերաբերմունքի արտահայտում հարցազրույցի առնչությամբ թեկուզ վերլուծական մեկնաբանությունների մակարդակում։
Այլ է խնդիրը, սակայն Ադրբեջանին վաճառված իսրայելական «Sky Striker» ԱԹՍ-ների առնչությամբ։ Իրանական տարբեր լրատվամիջոցներ, այդ թվում և՝ ԻՀՊԿ հովանավորությամբ գործող, շատ ակտիվ են լուսաբանել թեման՝ իրենց ընթերցողներին ակնարկելով, որ դրանք նախատեսված են ղարաբաղյան հակամարտության համար։
Այս համատեքստում ես ամենևին պատահական չեմ համարում ԻԻՀ սահմանապահ զորքերի հրամանատար Ղասեմ Ռեզայիի՝ օրերս Ադրբեջան կատարած այցը և հանդիպումը ԱՀ ՊՍԾ պետ Էլչին Ղուլիևի հետ, քանի որ նշված «Sky Striker» մահապարտ ԱԹՍ-ներ առկա են ԱՀ ՊՍԾ ռազմաբազաներում (ավելի մանրամասն՝ https://razm.info/130789)։ Ավելին՝ վաղը Բաքու կմեկնի նաև ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ Մոհամմադ Բաղերին։
Դժվար չէ կռահել, որ ինչքան էլ իրանական մամուլում Ադրբեջանի կողմից իսրայելական «Sky Striker» ԱԹՍ-ների ձեռքբերումը պայմանավորում են ղարաբաղյան հակամարտությամբ, սակայն դրանց առկայությունն ԱՀ ՊՍԾ բազաներում լրջորեն անհանգստացրել է Իրանի ռազմական ղեկավարությանը։